Դիտարկվում է Հայաստանի երկու մարզում ատոմային նոր էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը

Դիտարկվում է Հայաստանի երկու մարզում ատոմային նոր էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը

Հայաստանը դիտարկում է ռուսական նախագծերով երկրի երկու մարզում ատոմային նոր էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը: Մի կայանը նախատեսվում է կառուցել Արմավիրում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի հարթակում, մյուսը՝ Սյունիքում, որը կունենա փոքր հզորություն: «Դիտարկվել է փոքր կայանների հարցը: Հնարավորություն կա Զանգեզուրում (Սյունիքի մարզ) «ԳեոՊրոՄայնինգ-Արմենիա» համալիրի համար նման կայան կառուցել»,- ասել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Դուբայում՝ ռուսական  ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 60 %-ը, որը շահագործում է Հայաստանի ամենախոշոր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությունն իր բաժնետոմսերից 15 %-ը նվիրել է ՀՀ կառավարությանը: Այս ընկերությունը շահագործում է նաև Սյունիքում՝ Ագարակում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը:

Արմավիրում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի հարթակում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, որ նոր կայանի հզորությունը, պետք է լինի ներկայինից ոչ պակաս՝ 500-600 ՄՎտ։ Սակայն հնարավոր է, որ ավելի հզոր կայանի կառուցման հարց առաջանա՝ երկու բլոկ ընդհանուր՝ 1200 ՄՎտ հզորությամբ։ Դա կախված կլինի այդ ժամանակ ձևավորված էներգասպառման մակարդակից և դեպի հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդլայնելու հնարավորությունից։ 

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այն կշահագործվի մինչև 2026 թվականը: Չի բացառվում, որ շահագործումը կերկարաձգվի մինչև 2036 թվականը: Իսկ ատոմակայանի հարթակում նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2026-2027 թվականներին, ինչի համար կպահանջվի 8-10 տարի: Այս ոլորտի մասնագետները, ըստ Էդուարդ Մարտիրոսյանի, վերապատրաստվելու են Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Դուբայում անցկացվող«Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ «Ռոսատոմ» պետական կորպորացիան ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանում ռուսական նախագծերով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին: 

Հունվար 21, 2022 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր