Սույն թվականի փետրվարի 13-ին` տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին)` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Աղբյուրի համաձայն՝ ժամը 23:44-ի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվել է։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։
Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար»,- հայտնում է ԱԻՆ-ը։
Փետրվար 14, 2022 at 00:51