Ապրիլի 14-ին Շիրակի և Լոռու մարզերում մեկ ժամվա տարբերությամբ գրանցվել է երկու երկրաշարժ՝ 3-5 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում` 4-5 բալ և Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ:
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին)՝ հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Ապրիլ 14, 2022 at 10:50