Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքում երկու երկրների առաջնորդներն ընդունեցին համատեղ հայտարարություն: Հայտարարության 6-րդ կետը վերաբերում է տնտեսական ոլորտում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը.
«6. Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից: Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ:
Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա:
Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները:
Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը:
Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:
Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը»,- նշված է 6-րդ կետում:
Ապրիլ 26, 2022 at 11:14