

• 1983-2016թթ. ընթացքում Արարատյան արտեզյան ավազանում (ԱԱԱ) Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը նվազել են՝ 65 անգամ՝ 823.1 մլն խմ/տարուց կազմելով 12.61 մլն խմ/տարի:
• 2021թ. ընթացքում Արարատյան դաշտում փաստագրվել է գրունտային ջրերի մակարդակների զգալի նվազում 1.5 մետրից մինչև 3.2 մ:
• Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը՝ չպահպանելով 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի (34.7խմ/վրկ) ստորերկյա ջրերի շահագործման ռեժիմը, ապա մոտակա 3-5 տարիների ընթացքում ԱԱԱ-ի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ուղղությամբ կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումը, ջրաելքերի նվազումը, ոռոգելի հողերի ոռոգման պահանջարկի ավելացումը, հողատեսքերի դեգրադացիան, դրական ճնշում ունեցող տարածքի նվազումը և բնական աղբյուրների ելքերի նվազումը:
• Ակնկալվում է, որ հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում գրեթե կդադարի գործել Սևջուր–Ակնալիճ աղբյուրների խումբը, որոնց միջոցով իրականացվում է ՀՀ ատոմակայանի հովացումը և ապահովվում է արդեն իսկ կրճատված ոռոգելի հողատարածքների սպասարկումը: Սա էլ ավելի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների կհանգեցնի Արարատյան դաշտում:
• Ստեղծված իրավիճակից դուրս գալու, Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, պաշարները խնայողաբար օգտագործելու, ջրային պաշարների հաշվեկշիռը վերականգնելու նպատակով առաջարկվում է ԱԱԱ-ում ներկայում հորատանցքերով իրականացվող ընդհանուր ջրառը սահմանափակել՝ հասցնելով մինչեւ 1984 թ. Պետական պաշարների հանձնաժողովի կողմից սահմանված թույլատրելի 34.7 խմ/վրկ կամ 1094.3 մլն խմ/տարի ջրաքանակին:
Այս մասին, մասնավորապես, նշված է «Մելորացիա» ՓԲԸ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ղազարյանի 09.06.22թ. N167-ԱՂ նամակում, որը ԷկոԼուրին է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն՝ ի պատասխան մեր հարցման:
ԷկոԼուրն իր հարցման մեջ նշել էր. «ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 22-ի 1201–Ա որոշմամբ Հայաստանի դրենաժային համակարգերից օգտվողները հետադարձ ջրերի 1 խմ-ի տեղափոխման համար պետք է վճարեն 0.11 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը և պետք է ունենան համապատասխան պայմանագիր, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվություն չեն ստանա: Խնդրում ենք տեղեկացնել, թե որքանով է այս որոշումը նպաստել դրենաժային համակարգերի շահագործման հետ կապված խնդրի կարգավորմանը, արդյոք միայն գումար վճարելով հնարավոր է դրենաժային համակարգերի լիարժեք թողունակությունն ապահովել, ի՞նչ միջոցառումներ են արվում այս համակարգի բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Ներկայացնում ենք «Մելորացիա» ՓԲԸ-ի պատասխանն ամբողջությամբ.
«ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ԱՌԿԱ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿԸ
Արարատյան արտեզյան ավազանը (ԱԱԱ) տեղադրված է Արաքս գետի միջին հոսանքում, Արարատյան գոգահովիտի սահմաններում, որը ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք շուրջ 120կմ երկարությամբ և 10-30 կմ լայնությամբ: Գոգահովիտը գտնվում է երկրի մակերևույթից 800-1000մ բացարձակ բարձրությունների վրա, գրավում է շուրջ 1300կմ2 մակերես և իրենից ներկայացնում է ստորերկրյա ջրերի բնական շտեմարան, ուր ջրերը մուտք են գործում գոգահովիտը շրջափակող Արարատի և Արագածի լեռնազանգվածներից, Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաներից:
Արարատյան արտեզյան ավազանն ունի բարդ տեկտոնական երկրաբանա-հիդրոերկրաբանական կառուցվածք: Տեկտոնական տեսակետից Արարատյան գոգավորությունն իրենից ներկայացնում է Արաքս գետի տեկտոնական գոտու վերադիր միջլեռնային ճկվածք, որի սահմաններում հետծալքավորման հետևանքով առանձնացվում են արևմուտքից արևելք տարածված ստորև նշված հինգ ենթակառուցվածքները, որոնք համարվում են երկրորդ կարգի հիդրոերկրաբանական կառուցվածքներ.
• Հոկտեմբերյանի իջվածք
• Սովետաշենի բարձրացում
• Արտաշատի իջվածք
• Խոր Վիրապի բարձրացում
• Արազդայանի իջվածք:
Նշված կառուցվածքներն իրարից տարբերվում են երկրաբանական կառուցվածքով, ջուր պարունակող ապարների տեղադրման պայմաններով, հզորությամբ, ֆիլտրացիոն հատկություններով և այլն: Կառուցվածքների սահմանները գրեթե համընկնում են ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերի տարածաշրջանների սահմանների հետ:
ԱԱԱ ստորերկրյա ջրերի հոսքերը ձևավորվում են 31500.0կմ2 մակերես ունեցող Արաքս գետի ջրհավաք ավազանում, որից 14900.0 կմ2 ՀՀ տարածքն է, 16600 կմ2՝ Թուրքիայի: Հոսքերը ձևավորվում են մթնոլորտային տեղումների, կոնդեսացիոն և մասամբ էլ մակերևութային ջրերի հաշվին:
ԱԱԱ-ում տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել է միջինը 34661.0լ/վրկ կամ 34.7մ3/վրկ կամ 1094.3 մլն.մ3/տարի, որն էլ ՊՊՀ կողմից սահմանվել է միջին տարեկան ջրաքանակ: Սա պայմանավորված է նրանով, որ այս ջրաքանակի օգտագործման դեպքում չի խախտվում ԱԱԱ ստորերկրյա ջրային պաշարների վերականգնվող/օգտագործելի հաշվեկշիռը:
Ստորերկրյա ջրերի շահագործումը կատարվում է հաստատված (A+B) կարգի վերականգնվող պաշարների սահմաններում՝ չխախտելով ստորերկրյա ջրերի շահագործման սահմանված ռեժիմը: Հետևաբար, ԱԱԱ-ի համար սահմանված օգտագործելի պաշարները կազմում է՝
• հորատանցքերով՝ 34.7 մ3/վրկ կամ 1094.3 մլն.մ3/տարի
• աղբյուրներով՝ 21.9 մ3/վրկ կամ 690.6 մլն.մ3/տարի
• ընդհանուրը 56.6 մ3/վրկ կամ 1784.9 մլն.մ3/տարի:
ԱԱԱ ստորերկրյա ջրերի կայուն կառավարումն ապահովելու նպատակով հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառն ըստ հիդրոերկրաբանական կառուցվածքների և տարածքշրջանների չպետք է գերազանցի՝
- Հոկտեմբերյանի իջվածք՝ 22.5 մ3/վրկ կամ 709.6 մլն.մ3/տարի, այդ թվում՝
-արևմտյան մաս՝ Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջաններ՝ 10.1 մ3/վրկ կամ 318.6 մլն.մ3/տարի
- արևելյան մաս՝ Էջմիածնի տարածաշրջան՝ 12.4 մ3/վրկ կամ 391.0 մլն.մ3/տարի - Սովետաշենի բարձրացում՝ Մասիսի տարածաշրջան՝ 8,5 մ3/վրկ կամ 268.0 մլն.մ3/տարի
- Արտաշատի իջվածք՝ Արտաշատի տարածաշրջան՝ 2.2 մ3/վրկ կամ 69.4 մլն.մ3/տարի
- Արազդայանի իջվածք՝ Արազդայանի տարածաշրջան՝ 1.5 մ3/վրկ կամ 47.3 մլն.մ3/տարի:
Այս իրավիճակը հանգեցրել է ԱԱԱ-ում շատրվանող հորատանցքերի մակարդակների և ջրաելքերի կտրուկ նվազմանը, այդ թվում՝ խիստ նվազել են Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը: Համաձայն ՀՀ Օթերևութաբանության ծառայության Տարոնիկ դիտակետի տվյալների՝ Սևջուր գետի հոսքը (Սևջուր-Ակնալիճ աղբյուրների միջին ծախսից առաջացած) կազմել է.
• 1983թ.՝ 26.1 մ3/վրկ կամ 823.1 մլն.մ3/տարի
• 1990թ. 11.7մ3/վրկ կամ 369.0 մլն.մ3/տարի
• 2003թ.՝ 9.8 մ3/վրկ կամ 309.1 մլն.մ3/տարի
• 2005թ.՝ 10.9 մ3/վրկ կամ 343.7 մլն.մ3/տարի
• 2007թ.՝ 9.8 մ3/վրկ կամ 309.1 մլն.մ3/տարի
• 2008թ.՝ 8.1մ3/վրկ կամ 255.4 մլն.մ3/տարի
• 2009թ. 8.1մ3/վրկ կամ 255.4 մլն.մ3/տարի
• 2013թ. 3.0 մ3/վրկ կամ 94.6 մլն.մ3/տարի
• 2016թ. 0.4մ3/վրկ կամ 12.61 մլն.մ3/տարի:
1983-2016թթ. ժամանակահատվածում Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը նվազել են 823.1 մլն խմ/տարուց 12.61 մլն խմ/տարի: Այսինքն 810.49 մլն խմ/տարով: Ջրի սակավությունը պակասորդ է ստեղծում ինչպես Մեծամորի ատոմակայանի ջրհովացման համակարգի, այնպես էլ Արմավիրի տարածաշրջանի ոռոգելի հողերի ջրապահովության համար:
2006-2007թթ. հորատանցքերի գումարային միջին ջրայելքն արդեն իսկ 1816.0 լ/վրկ 1.8 մ3/վրկ կամ 56.8 մլն.մ3/տարի ջրաքանակով գերազանցել է 1984թ. հաստատված 34661.0 լ/վրկ կամ 34.7 մ3/վրկ կամ 1094.3 մլն.մ3/տարի թույլատրելի միջին տարեկան ջրառը: 1983-2007թթ.Արարատյան արտեզյան ավազանում ջրառի ավելացումը տեղի է ունեցել հիմնականում ինքնաշատրվանող գոտու ավելի ջրառատ տեղամասերում՝ Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում:
01.07.2013թ. դրությամբ ջրառը Արարատյան արտեզյան ավազանում կազմել է 55550.0 լ/վրկ, որ 1984թ. հաստատված 34661.0 լ/վրկ թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը գերազանցել է 20889 լ/վրկ կամ 20.9 մ3/վրկ կամ 659.1 մլն.մ3/տարով, այսինքն՝ 1.6 անգամ, այդ թվում՝ 4.5 անգամ միայն Մասիսի տարածաշրջանում:
01.07.2013թ. դրությամբ ջրառը ԱԱԱ-ում 2007թ. (36477.0լ/վրկ) համեմատ ավելացել է 19073.0լ/վրկ կամ 19.1 մ3/վրկ կամ 602.3 մլն.մ3/տարի, այն դեպքում երբ շահագործվող հորատանցքերի քանակը նվազել է 205 հորատանցքով: Դա հիմնականում պայմանավորված է նոր հորատված ինքնաշատրվանող հորատանցքերի մեծ ծախսերով (100.0-250.0լ/վրկ):
01.07.2013թ. ձկնաբուծական տնտեսությունների բուռն զարգացման արդյունքում ԱԱԱ-ում օգտագործված 55550.0 լ/վրկ ջրաքանակից միայն ձկնաբուծական նպատակով ջրառը կազմել է 35497.3 լ.վրկ կամ 35.5 մ3/վրկ կամ 1119.5 մլն.մ3/տարի, որը 22791.1 լ.վրկ կամ 22.8 մ3/վրկ կամ 719.0 մլն.մ3/տարի ջրաքանակով գերազանցել է 2007թ. այդ նպատակով օգտագործվող ջրաքանակը (12702.21լ.վրկ կամ 12.7 մ3/վրկ կամ 400.5 մլն.մ3/տարի):
Համաձայն «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արարատյան դաշտի հորատանցքերի և բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրում և հաշվառում» հաշվետվության՝ 2016թ. Արարատյան դաշտի աղբյուրների 14 խմբերից ստացվող ընդհանուր ջրաքանակը կազմել է 3306.6 լ/վրկ, այսինքն՝ 1984թ. Պետական Պաշարների հանձնաժողովի կողմից հաստատված աղբյուրների ջրաքանակը 37 տարվա ընթացքում նվազել է 18.6լ/վրկ կամ 586.5 մլն մ/տարի:
Արարատյան դաշտի բնական աղբյուրների խմբերի ծախսերը
Համաձայն 2021թ. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված ձկնաբուծության նպատակով օգտագործվող ու գործող հորատանցքերի քանակի և ջրառի վերաբերյալ տվյալների՝ հորատանցքերի քանակը Արարատյան դաշտում կազմել է 373 հատ, ջրառը 22622.3 լ/վրկ, այդ թվում Արարատի մարզում` 258 հորատանցք 18335.1 լ/վրկ ջրառով և Արմավիրի մարզում` 115 հորատանցք 4287.22 լ/ վրկ ջրառով։ Վերջիններս համեմատելով 2016թ. թվաքանակների հետ, փաստում ենք, որ 2021թ. հորերն ավելացել են 36-ով, իսկ ջրառը նվազել է 2936.44/ վրկ-ով։
Ձկնաբուծական տնտեսությունների ընդհանուր քանակը դաշտում 2021թ. կազմել է 176 հատ, այդ թվում՝ Արարատի մարզում 118 հատ և Արմավիրի մարզում 58 հատ: Ձկնաբուծական տնտեսություններից Արարատի մարզում 26-ը խորքային հորատանցքեր չունեն և ջրառն իրականացնում են այլ (դրենաժային համակարգ. Կապույտ լիճ, Սև ջուր, Ազատ և Վեդի գետերի) ջրաղբյուրներից 3434.1 լ/վրկ ծավալով, իսկ Արմավիրի մարզում 2-ը` Սևջուր գետից 278լ/վրկ ծավալով։
Այդպիսով, 2021թ. Արարատյան դաշտում գործող 176 ձկնաբուծական տնտեսությունների ընդհանուր ջրառը կազմում է 22622.3լ/վրկ (373 խորքային հորատանցքերով), 3712.1 լ/վրկ (այլ ջրաղբյուրներից), ընդամենը՝ 26334.4լ/վրկ։
Ամփոփելով վերոգրյալը հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
Ստորերկրյա ջրերի նման շահագործման արդյունքում դաշտի կոլեկտորադրենաժային ցանցեր են լցվում ձկնաբուծական տնտեսությունների հիմնական մասի (շուրջ 90%-ը) հետադարձ ջրերը` խախտելով ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրահեռացման պայմանները:
2013թ. կոլեկտորադրենաժային ցանցերով հեռացվել են շուրջ 58.0 խմ/վրկ կամ 1829,0 մլն խմ/տարի ջրեր, որոնցից ձկնաբուծական տնտեսություններից 35.5x0.9=32.0 խմ/վրկ և բուն դրենաժային ջրեր 22.5 խմ/վրկ կամ 709.5 մլն.խմ/տարի:
2016թ. ցանցերով հեռացվել են 53.3 խմ/վրկ կամ 1583.6մլն.խ.մ/տարի ջրեր, որից ձկնաբուծական տնտեսություններից 25.652 խմ/վրկ x 0.9=23.0 խմ/վրկ կամ 628.1 մլն խմ/տարի բուն դրենաժային ջրեր 30.3 խմ/ վրկ կամ 955.5 մլն խմ/տարի:
2018թ. ցանցերով հեռացվել են 48.0 խմ/վրկ կամ 1514.0 մլն խմ/տարի ջրեր, որից ձկնաբուծական տնտեսություններից 28.0 x 0.9–25.1խմ/վրկ կամ 795.0 մլն խմ/տարի:
2021թ. ցանցերից հեռացվել են 49.515 խմ/վրկ կամ 1561.5 մլն խմ/տարի ջրերը, որից ձկնաբուծական տնտեսություններից 26334.4 խմ/վրկ x0.9–23.1 խմ/վրկ կամ 829.9 մլն խմ/տարի և բուն դրենաժային ջրեր 23.2 խմ/վրկ կամ 731.6 մլն.խմ/տարի:
Սկսած 2014թ. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված ձկնաբուծական տնտեսությունների որոշ հորատանցքերի լուծարման, կոնսերվացման և փականային ռեժիմի բերման աշխատանքների արդյունքում տնտեսությունների ջրառը 2013թ. համեմատ 2021թ. նվազել է շուրջ 12.9 խմ/վրկ:
Բացի այդ, 2021թ. ընթացքում Արարատյան դաշտում փաստագրվել է գրունտային ջրերի մակարդակների զգալի նվազում (1.5 մետրից մինչև 3.2 մ՝ համաձայն դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքերի մակարդակների չափման արդյունքների) որը բացատրվում է.
1) Երաշտով` ամռան ամիսներին տեղումների բացակայության, օդի բարձր ջերմաստիճանով, ցածր հարաբերական խոնավությամբ,
2) ԱԱԱ-ի ճնշումային ջրատար հորիզոնից թույլատրելի ջրառից հավելյալ ջրօգտագործումից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրունտային ջրատար հորիզոնի հիմնական սնուցման աղբյուր է հանդիսանում ավազանի ճնշումային հորիզոնից վերընթաց սնուցումը և այն, որ ճնշումային հորիզոնից ձկնաբուծության նպատակով հորատված հարյուրավոր ինքնաշատրվանող հորատանցքերից անընդմեջ ջրառը զգալի նվազեցնում է գրունտային ջրերի սնուցումը ներքևից, բնականաբար բերել է գրունտային ջրերի մակարդակների նվազմանը:
Գրունտային ջրերի մակարդակների նվազումը բերում է ոռոգելի հողերի ոռոգման պահանջարկի ավելացմանը, հողատեսքերի դեգրադացմանը և կոլեկտորադրենաժային ցանցերում սակավաջրությանը ու հաճախ, ջրի առկայության բացակայությանը: 2021թ. ընկերության կողմից ծրագրավորված դրենաժային ցանցերի մաքրման աշխատանքները Արմավիրի մարզում շուրջ 32.0 կմ երկարությամբ ցանցերում չիրականացվեցին ցանցերում ջրի բացակայության պատճառով։
Չնայած այն հանգամանքին, որ ձկնաբուծական տնտեսություններում 2021թ. 2013թ. նկատմամբ ջրառը զգալիորեն նվազել է, եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը՝ չպահպանելով 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի (34.7մ3/վրկ) ստորերկյա ջրերի շահագործման ռեժիմն, ապա մոտակա 3-5 տարիների ընթացքում ԱԱԱ-ի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս արևմուտք ուղղությամբ կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումը, ջրաելքերի նվազումը, ոռոգելի հողերի ոռոգման պահանջարկի ավելացումը, հողատեսքերի դեգրադացիան, դրական ճնշում ունեցող տարածքի նվազումը և բնական աղբյուրների ելքերի նվազումը:
Ակնկալվում է, որ հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում գրեթե կդադարի գործել Սևջուր–Ակնալիճ աղբյուրների խումբը, որոնց միջոցով իրականացվում է ՀՀ ատոմակայանի հովացումը և ապահովվում է արդեն իսկ կրճատված ոռոգելի հողատարածքների սպասարկումը: Սա էլ ավելի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների կհանգեցնի Արարատյան դաշտում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու, Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, պաշարները խնայողաբար օգտագործելու, ջրային պաշարների հաշվեկշիռը վերականգնելու նպատակով առաջարկվում է.
• ԱԱԱ-ում ներկայում հորատանցքերով իրականացվող ընդհանուր ջրառը սահմանափակել, հասցնելով մինչեւ 1984 թ. ՊՊՀ կողմից սահմանված թույլատրելի 34.7 խմ/վրկ կամ 1094.3 մլն խմ/տարի ջրաքանակին, այդ թվում ձկնաբուծության նպատակով 12.0 խմ/վրկ կամ շուրջ 378.4 մլն խմ/տարի, բոլոր տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնելով ջրախնայող փակ և կիսափակ համակարգեր: Մնացած 22.7 կմ/վրկ ջրաքանակը կամ 715.9 մլն խմ/տարի կօգտագործվի խմելու, ոռոգման և տեխնիկական ջրամատակարարման նպատակներով:
Նշված միջոցառումների լիարժեք իրականացումը կնպաստի ԱԱԱ–ի ինքնաշատրվանող գոտու տարածքի վերականգմանը: Արդյունքում կվերականգնվի ջրազրկված համայնքների ջրամատակարարումը և մի քանի տարիների ընթացքում հնարավորություն կընձեռնվի վերականգնել Սևջուր-Ակնալիճ աղբյուրների բնական ելքերը, որի արդյունքում կվերականգնվեն Մեծամոր գետի ելքերը։
Ստորև ներկայացվում է «Մելիորացիա» ՓԲԸ-ի հետ. համաձայն ՀՀ կառավարության 22.07.2021թ. N 1207-Ն որոշմամբ հաստատված կարգի, պայմանագրային հիմունքներով դրենաժային համակարգերից օգտվող ձկնաբուծական տնտեսությունների կողմից հետադարձ ջրերի ջրթափում իրականացված չափագրումների տվյալները առ 01.06.2022թ.:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ 22 ձկնաբուծական տնտեսություններ ջրթափը չեն իրականացնում դրենաժային համակարգեր, որոնց հետ պայմանագրեր չեն կնքվել։
Համաձայն ՀՀ կառավարության 22.07.2021թ.N1207-Ն որոշմամբ հաստատված ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվելու կանոնների, ձկնաբուծական լոնտեսությունների հետադարձ ջրերը դրենաժային համակարգերով փոխադրող իրավաբանական անձը («Մելիորացիա » (ՓԲԸ) պարտավոր է իրականացնել ջրերի անխափան փոխադրումը. կատարելով այդ օրենք), անհրաժեշտ ծավալներով մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքները ու յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ իրականացնել դրենաժի մեջ արտանետվող հետադարձ ջրերի կենսաբանաքիմիական կազմի լաբորատոր հետազոտությունները:
2021-2022թթ. Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններից դրենաժային համակարգեր ջրթափի իրականացման արդյունքում, պայմանագրային հիմունքներով հավաքագրված գումարների հաշվին ծրագրավորվել է լրացուցիչ մաքրել և նորոգել շուրջ 30.0 կմ դրենաժային ցանցեր, որը հնարավորություն կընձեռի բարելավվել այդ դրենաժների հարակից հողերի մելիորատիվ վիճակը: Բացի այդ կոլեկոորադրենաժային համակարգերի բնականոն աշխատանքների ապահովման նպատակներով կթարմացվեն հողափոր տեխնիկական միջոցները»:
Հուլիս 13, 2022 at 17:23