

Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը կիջեցվի 20 մ-ով՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու և ոռոգմանն ուղղելու նպատակով: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության 2022թ. սեպտեմբերի 16-ի նիստում:
Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի նիշը 1013,9 մ-ից ժամանակավորապես կիջեցվի մինչև 993 մ նիշը:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ Ազատի ջրամբարը շահագործվում է 1976 թ.-ից: Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսն անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչն աշխատում է մշտական խափանումներով: Հատակային ջրթողը 2017թ. վթարվել է: «Հատակային ջրթողի վերակառուցման և վերազինման աշխատանքների համար 2017թ. մշակվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ, որը ներկայումս վերահաշվարկի՝ դրան զուգահեռ նաև հատակային ջրթող կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Ջրամբարի մեռյալ ծավալի նիշը (1013,9 մ) մինչև 993 մ նիշ ժամանակավորապես իջեցումը հնարավորություն կտա իրականացնել հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն»,- նշված է հիմնավորման մեջ:
Ըստ նախագիծը մշակող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի՝ բաց թողնված ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցք, ինչը կմեղմի ջրանցքի իշխման տակ ընկած շուրջ 7000 հա հողատարածքների ոռոգման ջրապահանջը: «Նշված հողատարածքների ջրապահանջը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում է շուրջ 18 մլն խմ, որից Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով հնարավոր է Արտաշատի ջրանցքին ջրալրում տալ շուրջ 7,3 մլն խմ ծավալով: Ջրապահանջի մնացած մասը հնարավոր կլինի ապահովել՝ Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից ջրառ իրականացնելով: Ս.թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ Ազատի ջրամբարի լցվածության (շուրջ 14,4 մլն խմ) պայմաններում, Ազատի քառաստիճան պոմպակայանի ու Դվինի ջրանցքի ջրալրման ծավալները հաշվի առնելով, ջրամբարի մեռյալ ծավալից հնարավոր կլինի ջրառ իրականացնել շուրջ 8 մլն խմ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Նշենք, որ ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ 2022թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը կազմում է 7,90 մլն խմ:
Սեպտեմբեր 16, 2022 at 18:11