

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի բնակիչներն ԷկոԼուրին ահազանգել են իրենց բնակելի տներից 20-30 մ հեռավորության վրա գտնվող խոզաբուծարանի առաջացրած խնդիրների մասին: ԷկոԼուրի հետ զրույցում նրանք նշեցին, որ խոզաբուծարանի տարածքից կեղտաջրերի արտահոսք է լինում դեպի Քասախ գետ: Ըստ բնակիչների՝ արտահոսող կեղտաջրերը հոսում են իրենց տների հարևանությամբ և անտանելի գարշահոտ տարածում:
«Շուրջ 5 տարի մեր թաղամասում տեղակայված է խոզաբուծական ֆերմա, որը մեր առանձնատներից գտնվում է 20-30 մ հեռավորության վրա: Այդ անասունների կեղտը լցվում է Քասախ գետը և ապականում ողջ տարածքը: Կեղտի հոտից և ճանճերի դարդից այլևս չենք կարող բակ դուրս գալ կամ բացել պատուհանները: 2021թ. դիմել ենք Արագածոտնի մարզպետարան, որն իր հերթին հանձնարարել էր Ապարան քաղաքի համայնքապետարանին զբաղվել այդ հարցով: Սակայն գրավոր պատասխան չենք ստացել: Միայն ականատես եղանք խոզաբուծարանի կրկնակի մեծացմանը։
Սույն թվականի օգոստոս ամսին բանավոր խնդրանքով դիմեցինք համայնքապետարան, որտեղից պատասխանեցին, որ ի զորու չեն որևիցե գործողություն կատարելու, քանի որ դա սեփական տարածք է»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ խախտվել է իրենց մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը:
Խնդիրը կարգավորելու պահանջով Ապարանի բնակիչները 2022թ. սեպտեմբերին ևս մեկ անգամ դիմել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և Ապարանի համայնքապետարան:
Արագածոտնի մարզպետարանից ԷկոԼուրին հայտնեցին, որ բնակիչների նամակը ստացել են և խնդրին ընթացք է տրվել:
«Մարզպետի տեղակալ Հովսեփ Գուլյանը դիմել է Ապարանի համայքնապետ Կարեն Եղիազարյանին՝ հանձնարարելով սահմանված ժամկետում այս հարցին լուծում տալ և արդյունքների մասին տեղեկացնել թե՛ մեզ, թե՛ քաղաքացիներին»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը:
Սեպտեմբերի 22-ին թաղամասի բնակիչներն ԷկոԼուրին տեղեկացրին, որ նախորդ օրը խոզաբուծարանը շահագործող ընկերությունը կեղտաջրերի համար խողովակ է անցկացրել, սակայն կեղտաջրերը, միևնույն է, թափվում են Քասախ գետ:
Սեպտեմբեր 22, 2022 at 15:52