602 միլիոն դրամ 9 ազդակիր համայնքում բնապահպանական ծրագրերի իրականացման համար. ՇՄ նախարարությունը ներկայացրել է 2023թ. բյուջետային հայտը

602 միլիոն դրամ 9 ազդակիր համայնքում բնապահպանական ծրագրերի իրականացման համար. ՇՄ նախարարությունը ներկայացրել է 2023թ. բյուջետային հայտը

2023թ. 9 ազդակիր համայնքում բնապահպանական ծրագրերի իրականացման համար 602 միլիոն դրամ կտրամադրվի: Համայնքներն արդեն դիմել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2022թ. նոյեմբերի 7-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը: Ըստ հայտի՝ նախարարությունը 2023թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում, որի համար կհատկացվի 8 միլիարդ 142 միլիոն դրամ:

«Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսվում է տրամադրել 15 միլիոն դրամ, ինչն, ըստ հաղորդագրության, նախորդ տավա համեմատ գրեթե կրկնակի է: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար կհատկացվի 118 միլիոն դրամ: Ըստ նախարարի՝ միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:

2023թ. բնության հատուկ պահպանվող 6 տարածքների պահպանման ծախսերի համար կուղղվի 1 միլիարդ 304 միլիոն դրամ: Հայաստանի բնության պետական թանգարանի և Երևանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը կլինի 350 միլիոն դրամ:

Անտառների կառավարում ծրագրով իրականացվող միջոցառումների համար էլ նախատեսվում է 2 միլիարդ 679 միլիոն դրամի տրամադրում: «Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար կտրամադրվի 4 միլիոն դրամ:

Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով էլ կհատկացվի 7 միլիոն դրամ: Սակայն, թե ինչ միջոցառումներ են նախատեսված` նշված չէ:

2023թ. 17,5 %-ով ավելացել են նաև նախարարության պահպանման ծախսերը՝ 2023թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված: Բացի այդ, 7,2 միլիոն դրամ էլ կուղղվի համակարգչային տեխնիկայի ու գույքի, 2,5 միլիոն դրամ էլ՝ հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:

Նոյեմբեր 10, 2022 at 10:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր