Երևանյան լճի վրա լողացող արևային կայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումները կներմուծվեն առանց մաքսատուրքի

Երևանյան լճի վրա լողացող արևային կայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումները կներմուծվեն առանց մաքսատուրքի

ՀՀ կառավարությունը 2022թ. նոյեմբերի 10-ի նիստում մաքսային արտոնություն տրամադրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին: ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրամն ազատվեց ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից: Ներմուծումն իրականացվելու է մինչև 2023թ. փետրվարի 28-ը: Ընդհանուր 55 միլիոն 628 հազար 26 դրամի չափով սարքավորումները կներմուծվեն Ֆրանսիայից: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 միլիոն դրամ:

Նշենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ մշակվել և իրականացվում է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիր», որի շրջանակներում Երևանյան լճի վրա նախատեսվում է կառուցել շուրջ 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՖԱՍԵՊ (FASEP) ծրագրի կողմից։

Կայանը շահագործելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Այն հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով  էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 90 միլիոն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նոյեմբեր 14, 2022 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր