Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում իր անձնական բանկային հաշվեհամարներին որպես ՀՀ  պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում փոխանցել է ընդհանուր 254 066 540 դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո Ա.Ս.-ի կողմից հետ է վերադարձվել 37,9 մլն դրամը:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022թ. սեպտեմբերի 14-ին 3 մլն դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է  ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով:

Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում:

Հունվար 19, 2023 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր