

Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացրել է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում՝ առանց թույլտվության: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քմ ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14 հազար 689 խմ ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12 հազար 293 քառակուսի մետր մակերեսով տարածք: Պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:
ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հունիս 28, 2023 at 16:20