Ապօրինի ծառահատումներ Տավուշի և Լոռու մարզերում

Ապօրինի ծառահատումներ Տավուշի և Լոռու մարզերում

ՀՀ ոստիկանության աշխատակիցներն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել Տավուշի և Լոռու մարզերում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական էջից: 

Հոկտեմբերիի 11-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Հովք բնակավայրի հարակից «Իջևանի» անտառտնտեսության անտառամասում ձերբակալել են ծառ հատող երկու երիտասարդների: Վերջիններն ապօրինի հատել էին 9 կանգուն ծառ: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը Բերդ-Իջևան ճանապարհին՝ Վազաշեն բնակավայրի վարչական տարածքում, Վազաշեն գյուղի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ստուգում իրականացնելու ժամանակ թափքում հաայտնաբերել են մոտ 1 խմ փայտանյութ: Երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը առանց համապատասխան փաստաթղթի ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքից՝ հատելով 3 թաց կանգուն ծառեր: Փայտանյութով բարձված մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են Բերդի քննչական բաժին:

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «ԳԱԶ-52» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 5 խմ փայտանյութով: Երիտասարդը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ հորեղբոր որդու հետ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել են 13 կանգուն բոխենի: Երիտասարդը ձերբակալվել է, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոկտեմբեր 12, 2023 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր