ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին Սևանա լճի ջրհավաք ավազանի ռազմավարական խնդիրները

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին Սևանա լճի ջրհավաք ավազանի ռազմավարական խնդիրները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին Սևանա լճի ջրհավաք ավազանի ռազմավարական խնդիրները և ներկայացվեցին ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի ընթացիկ արդյունքները։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամները,  EU4Sevan ծրագրի թիմը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները։

ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ Սևանա լճի ջրհավաք ավազանի կառավարումը հնարավոր չէ առանց գիտական որոշումների: «Մշակվել է Սևանա լճի տեսլականը, ռազմավարությունը, արդեն շարժվում ենք դեպի «Սևանա լճի մասին» օրենքը, որն առանցքային է», - ասաց նա։

EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը նշեց, որ  ծրագիրը մոտենում է ավարտին։ «Եղած արդյունքներով մենք հասկացել ենք, որ պետք է կրճատվի լճի ավազանի տարածքում ֆոսֆորի օգտագործումը, որովհետև այն լուրջ խնդիրներ է առաջացնում Սևանի համար»։

EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանն ասաց, որ ներկայում մշակվում է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը, որով լուծվելու են «Սևան» ազգային պարկի սահմանազատման և սահմանների ճշգրտման հարցերը։ Մշակվել և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ուղարկվել Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը։ «Այս փուլում ծրագիրն աշխատում է ռազմավարության մշակման ուղղությամբ։ 2024 թվականի գարնանն այդ աշխատանքները կմոտենան ավարտին։ Հաջորդ կարևոր գործողությունը «Սևանա լճի մասին» օրենքի վերանայումն է։ Այստեղ մենք ակնկալում ենք Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի գիտական աջակցությունը, ինչը կօգնի մեզ առավել արդյունավետ իրականացնել այդ գործընթացը։ Երբ մենք կունենանք համապարփակ ազդեցության գնահատումը, կմշակվի նաև ճանապարհային քարտեզը», - ասաց Աստղիկ Դանիելյանը։

EU4Sevan ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանը ներկայացրեց լճի ավազանում կոյուղաջրերի կառավարման խնդիրը․ «Ներկայում Սևանա լճի ավազանում կա երեք մաքրման կայան՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում։ Այդ կայաններն իրականացնում են ոչ լիարժեք մեխանիկական մաքրում։ Մի շարք ռազմավարական ծրագրերում ամրագրված է, որ կեղտաջրերի մաքրումը պետք է իրականացվի լիարժեք ցիկլով՝ մեխանիկական և կենսաբանական, սակայն դա չի արվում՝ պարզաբանելով, որ առկա են որոշակի խնդիրներ։ Այստեղ անհրաժեշտ է կենսաբանական մաքրում։

Կեղտաջրերի առաջացումը և արտահոսքը դեպի Սևանա լճի ջրհավաք ավազան տեղի են ունենում ցրված եղանակով, և առկա են տարբեր տեսակի աղտոտման անկառավարելի աղբյուրներ։ Սևանա լճի ավազանում ոչ բոլոր համայնքներն են կոյուղացված։ Օրինակ, Գավառի դեպքում կոյուղացված է համայնքի 50 տոկոսը։ Ծրագրի շրջանակներում իրականացվեց տեխնիկատնտեսական հետազոտություն, առաջարկվեցին լուծումներ, որոնցից մեկը Գավառի մեխանիկական բաղադրիչի արդիականացումն է, որն արժանացավ հավանության։ Նախագիծը ներկայում անցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն»։

Ծրագրի խորհրդական Հովիկ Սայադյանը նշեց, որ Սևանա լճի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը գոմաղբն է, որը տարբեր հատվածներից գետերով հասնում է լիճ։ Ծրագրի շրջանակներում առանձնացվել է երեք ռազմավարական հիմնախնդիր՝ գոմաղբի հավաքում, տեղափոխում և պահում, աստիճանական անցում հանքային պարարտանյութերից և թունաքիմիկատներից դեպի օրգանական  ծագման պարարտանյութեր, պետական և հասարակական լայն աջակցություն և իրազեկում՝ ուղղված օրգանական ծագման պարարտանյութերի օգտագործման ընդլայնմանը։

Ծրագրի շրջանակներում վերհանվել են 19 բնակավայրերի գոմաղբի կուտակման սահմանները, կատարվել են ջրային միջավայր լցվող ազոտի և ֆոսֆորի քանակական հաշվարկներ, առաջարկվել են տարբեր գիտահեն տեխնոլոգիական լուծումներ։ ՀՀ կառավարության պատվերով մշակվել է կենսաբանական թափոններից օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման քաղաքականության տեսլական։

Ծրագրի խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց շրջակա միջավայրի մոնիթորինգի և բնապահպանական տվյալների կառավարման բաղադրիչը։ Ըստ նրա՝ մշակվում է Սևանա լճի ավազանում մոնիթորինգի համապարփակ հայեցակարգը և Հայաստանի էկոպորտալի Սևանա լճի բաժինը։

Համայնքային մակարդակում գործողությունները  և իրազեկության բարձրացման հարցերը ներկայացրեց ծրագրի խորհրդական Վարազդատ Սարգսյանը։

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն ասաց․ «Սևանա լճի ավազանի խնդիրների մասին խոսում ենք տասնամյակներով։ Արդեն վաղուց կա անհրաժեշտություն կոնկրետ քայլերի։  Նման հանդիպումներն ապագայում ևս պետք է անցկացվեն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ քայլեր են արվել»։

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց․ «Մենք խոսում ենք ֆոսֆատների մասին, որոնք մասնակցում են ծաղկման գործընթացներին։ Պետք է իջեցնենք ֆոսֆորի աղտոտվածության մակարդակը։ Ըստ իս՝ կարող ենք ներդնել աէրացիոն համակարգ, որը ֆոսֆորի մեծ մասը կենթարկի օքսիդացման, հանքայնացում տեղի կունենա։ Շատ հարցեր առաջացան, և հույս ունեմ, որ այս հանդիպումները կլինեն շարունակական՝ երկկողմանի հետաքրքրության հարցերին անդրադառնալու համար»։

Դեկտեմբեր 08, 2023 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր