

2025թ․ օգոստոսի 14-ին Եղեգնաձորի ավագանին մերժել է «Մետա Գոլդ» ՍՊԸ-ի՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու հայտը։ Որոշումն ընդունվել է 14 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։

Ավագանու որոշման մեջ նշված է․ « ․․․․ ուսումնասիրելով 2025 թվականի հուլիսի 7-ին Եղեգնաձոր քաղաքում անցկացված հանրային լսման նյութերը (արձանագրություն, կարծիքներ, տեսաձայնագրություն և այլ փաստաղթղեր)
1․ Տալ անհամաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում «ՄԵՏԱ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրականացնել ուսումնասիրության աշխատանքներ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։
Հիշեցնենք, որ 2025թ․ հուլիսի 7-ին Եղեգնաձորում «Մետա Գոլդ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված հանրային լսումներն անցել էին լարված մթնոլորտում։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2025թ․ մայիսին, չունի հանքարդյունաբերության ոլորտում կենսագրություն։ Լսումների ընթացքում բացակայում էին շրջակա միջավայրի ազդեցության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը հանգեցրել էր հանրության բողոքներին և իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը։ Բնակիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լսումների ժամանակ բարձրաձայնել էին հանքի հնարավոր շահագործմաան դեպքում շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերի մասին։
Հանրային լսումներից հետո Եղեգնաձորի բնակիչները Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խմբի անունից դիմել էին Շրջակա միջավայրի նախարարին, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին և Եղեգնաձոր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝ պահանջելով մերժել «Մետա Գոլդ» ՍՊԸ-ի հայտը։ Դիմումում նշված էր, որ հանքարդյունաբերության իրականացումը կվնասի շրջակա միջավայրին, կվտանգի գյուղատնտեսությունը, գինեգործությունը և զբոսաշրջությունը։ Բնակիչները նաև առաջարկել էին Եղեգնաձորը հռչակել էկո-տնտեսական տարածք՝ մետաղական հանքարդյունաբերությունը բացառելու նպատակով։
Օգոստոս 15, 2025 at 15:17
