ԲՀՊՏ-ներին առնչվող օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն

ԲՀՊՏ-ներին առնչվող օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։

Ազգային ժողովը որոշում է ընդունել օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու մասին: 

Նախագծով նախատեսվում է կատարել ոլորտային լայնածավալ բարեփոխումներ՝ հստակեցնելով բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հետ կապված իրավահարաբերությունները։

Մասնավորապես, նախատեսվում է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) դասակարգմամբ 5-րդ՝ «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի ներդրում։ Ըստ նախագծի՝պահպանվող լանդշաֆտները ստեղծվում են այն տարածքներում, որոնք ունեն բնապահպանական, մշակութային կամ գեղագիտական արժեք։ Դրանք կարող են լինել ինչպես բնական միջավայրեր, այնպես էլ մարդու գործունեության արդյունքում ձևավորված տարածքներ, որոնք կարևոր է պահպանել և վերականգնել։ Այս տարածքների հիմնական նպատակը բնության և բնապահպանական արժեքների պահպանումն ու վերականգնումն է, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների և շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացումը։ Դրանք օգտագործվում են նաև էկոլոգիական կրթության և իրազեկման, բնության մեջ հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Բացի այդ, պահպանվող լանդշաֆտներում խրախուսվում է նաև ավանդական հողօգտագործման ձևերի պահպանումն ու զարգացումը։

Պահպանվող լանդշաֆտների տարածքներում կգործեն մի շարք սահմանափակումներ՝ բնության և էկոհամակարգերի պահպանությունն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, այդ տարածքներում արգելվում է ջրային ռեսուրսների օգտագործումը՝ ներառյալ ջրային համակարգերի միջոցով ջրառը։ Բացառություն կարող է արվել միայն այն դեպքերում, երբ ջուրն օգտագործվում է մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով, ինչպես նաև խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ պայմանով, որ այլընտրանքային ջրային աղբյուրներ չկան։ Նույն սկզբունքով թույլատրվում է նաև ջրօգտագործումը գյուղատնտեսական նպատակներով՝ միայն ջրախնայող համակարգերի կիրառման դեպքում և եթե այլ աղբյուրներ հասանելի չեն։ Բացի այդ, ջրօգտագործումը կարող է թույլատրվել նաև պահպանվող լանդշաֆտի ստեղծման կամ դրա կանոնադրական խնդիրների իրականացման համար։

Պահպանվող տարածքներում արգելվում է նաև բուսական և կենդանական աշխարհի բնական պայմանների խախտումը, ինչպես նաև օտարածին, ինվազիվ տեսակների կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը և տարածումը։ Խիստ սահմանափակված են անտառահատումները, որոնք թույլատրվում են միայն սանիտարական կամ խնամքի նպատակներով։

Արգելվում է նաև արտադրական և սպառողական թափոնների, ռադիոակտիվ, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութերի արտադրությունը, օգտագործումը կամ պահեստավորումը։ Նման տարածքներում չի թույլատրվում նաև օգտակար հանածոների արդյունահանումը, երկրաբանական ուսումնասիրությունները՝ հողի խախտմամբ, հանքավայրերի շահագործումը, ինչպես նաև հանքարդյունաբերական ենթակառուցվածքների տեղադրումը։

Վերջապես, ցանկացած գործունեություն, որը կարող է խաթարել պահպանվող լանդշաֆտի բնական և գեղագիտական տեսքը, նույնպես արգելվում է՝ ապահովելու համար տարածքի էկոլոգիական և տեսողական ամբողջականությունը։

Նախագծով նախատեսվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում։ Սահմանվում է բնության հուշարձանների և հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման գործիքակազմ, որը հնարավորություն կտա մրցութային կարգով ինչպես համայնքներին, այնպես էլ՝ իրավաբանական անձանց իրականացնել բնության հուշարձանների կառավարում։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի ստեղծման, կառավարման և կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման և գործառնական կառավարման առավել միասնական և կանխատեսելի համակարգի ձևավորմանը:

Նշենք, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկվել էր Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում։ 

Հունիս 19, 2026 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր