

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Այս համատեքստում հունիսի 17-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպեց «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովը։
Միջոցառմանը մասնակցեցին պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, գիտակրթական ոլորտի և համայնքային ներկայացուցիչներ։
WWF-Հայաստանի ծրագրի պատասխանատու Կարեն Մանվելյանը հանդես եկավ «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ Հայաստանում 30x30 թիրախին հասնելու ճանապարհին» զեկուցմամբ։
30x30 թիրախը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կենսաբազմազանության պահպանության գլոբալ թիրախն է, որի համաձայն մինչև 2030 թվականը երկրները պետք է ապահովեն, որ իրենց ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը գտնվի արդյունավետ պահպանության ներքո։
Ըստ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի»՝ Հայաստանը պարտավորվել է երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցն ընդլայնել՝ հասցնելով Հայաստանի տարածքի 20%-ի։

Կարեն Մանվելյանը նշեց, որ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են 386,355 հեկտար կամ երկրի տարածքի մոտ 13 %-ը։ 2009թ-ից ի վեր այդ տարածքներն ընդլայնվել են շուրջ 88,600 հեկտարով։ ԲՀՊՏ-ների մեջ ընդգրկված են 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 223 բնության հուշարձան։

Կարեն Մանվելյանը նշեց, որ նախատեսվում է «Ջերմուկ» և «Տաթև» ազգային պարկերի ստեղծում, որոնք բնապահպանական տարածքները կարող են ավելացնել շուրջ 9,800 հեկտարով։ Դրանք ստեղծվելու են գործող արգելավայրերի հիմքի վրա։ ««Ջերմուկ» ազգային պարկը նախատեսվում է ստեղծել Ջերմուկի հիդրոլոգիական արգելավայրի, Ջերմուկ անտառային և Հեր-Հեր արգելավայրերի և համայնքային հողերի հիմքի վրա։ «Տաթև» ազգային պարկը նախատեսվում է ստեղծել «Որոտան» արգելավայրի հիման վրա։ Կլինի նաև որոշ հատված գործող Զանգեզուր արգելավայրից, և ակնկալում ենք, որ որոշակի հողատարածքներ համայնքները կտրամադրեն », - ասաց Կարեն Մանվելյանը։
Այդպիսով՝ մինչև 2030թ․ Հայաստանի ԲՀՊՏ-ների ծածկույթը կարող է հասնել 13.3 տոկոսի կամ 396,155 հեկտարի, իսկ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների (OECM) տարածքները՝ 5.1 տոկոսի կամ 151,035 հեկտարի։
Ըստ Կարեն Մանվելյանի՝ լրացուցիչ քայլերի դեպքում այդ թվում՝ և՛ համայնքների կողմից, և՛ անտառտնտեսությունների կողմից OECM-ների ստեղծման դեպքում հնարավոր է մոտենալ 30 տոկոս թիրախին։

Սույն թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։ Նոր օրենքում ամրագրված են դրույթներ ԲՀՊՏ-ի նոր տեսակի՝ պահպանվող լանդշաֆտի, OECM-ի, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի մասին։
Կարեն Մանվելյանի խոսքով՝OECM-ի ներդրումը միջազգային մակարդակում կիրառվում է արդեն շուրջ 3-4 տարի։ «Դա չի նախատեսում հողի կատեգորիայի կամ սեփականության փոփոխություն։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է, քանի որ նոր պահպանվող տարածքներ ստեղծելը գնալով ավելի դժվար է դառնում տնտեսական զարգացման պատճառով։ Դրա համար այս հասկացությունը ներդրվեց IUCN-ի կողմից, և երկրները հետևում են դրան, և բոլորը փորձում են իրենց օրենսդրական շրջանակներում այն կիրառել», ասաց Կարեն Մանվելյանը։
Բանախոսի ներկայացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է նաև կառավարման նոր համակարգի ձևավորում ԲՀՊՏ-ների համար, որը կկոորդինացնի ամբողջ համակարգը և հաշվետու կլինի Շրջակա միջավայրի նախարարությանը։ Ներկայում պահպանվող տարածքները կառավարող բոլոր ՊՈԱԿ-ներն անմիջապես հաշվետու են Շրջակա միջավայրի նախարարությանը։ Կարեն Մանվելյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ իրականացված Թվինինգ ծրագրի ընթացքում առաջարկվել է ստեղծել նաև ընդհանուր համակարգող մարմին, որը կկոորդինացնի ԲՀՊՏ-ների աշխատանքը։ Ըստ այդ առաջարկի՝ նախարարության ներքո կարող է ձևավորվել ԲՀՊՏ-ների կառավարման միասնական հարթակ կամ մարմին՝ անկախ նրանից՝ այն կլինի կոմիտե, ՊՈԱԿ, թե այլ ձևաչափ։ Այդ մարմնի ենթակայության տակ կգործեն պահպանվող տարածքները կառավարող բոլոր կառույցները, իսկ ընդհանուր համակարգումը կիրականացվի մեկ կենտրոնից։ Ի վերջո, այդ համակարգող մարմինը նույնպես հաշվետու կլինի Շրջակա միջավայրի նախարարությանը։
Ելույթին հաջորդող հարցուպատասխանի ընթացքում ներկաները բարձրացրել են հանքարդյունաբերության ազդեցությանը, էկոմիջանցքների պահպանությանը և համայնքային մասնակցությանը վերաբերող հարցեր։
Խոսելով հանքարդյունաբերության ազդեցության մասին՝ նա ընդգծեց, որ այն շարունակում է մնալ հիմնական սպառնալիքներից մեկը կենսաբազմազանության համար՝ բերելով տեսակների և ապրելավայրերի կորստի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելի պատասխանատու մոտեցում, որպեսզի հանքարդյունաբերական նախագծերը չտեղակայվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում։
Անդրադառնալով COP17-ի ազդեցությանը՝ Կարեն Մանվելյանը նշեց, որ այն կարող է մեծացնել իրազեկվածությունը Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ և նպաստել միջազգային համագործակցության ընդլայնմանը․ «COP17-ն առաջին հերթին կավելացնի իրազեկումը Հայաստանում կենսաբազմազանության մասին», - ասաց նա։
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Հուլիս 03, 2026 at 17:14
