

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17).
«Որպես COP17-ը նախագահող երկիր՝ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում ներառականության, թափանցիկության սկզբունքով և համատեղ պատասխանատվությամբ կենսաբազմազանության համար շոշափելի արդյունքներ ապահովելու տեսլականով։
COP17-ը կհամախմբի հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհից՝ կառավարությունների, գիտնականների, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների առաջնորդների ու ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի, որոնց միավորում է մեկ ընդհանուր նպատակ՝ գործել հանուն բնության։
Չորս տարի առաջ երկրներն ընդունեցին Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, ինչը բեկումնային էր և սահմանեց միասնական տեսլական՝ նվազեցնելու կենսաբազմազանության կորուստը ու մինչև 2050 թվականն ապահովելու ներդաշնակություն բնության հետ։
Այս ժամանակացույցում COP17-ը կգումարվի վճռորոշ պահին՝ դառնալով թե մինչ օրս արձանագրված առաջընթացը գնահատելու, թե առկա մարտահրավերներն ու բացերը վեր հանելու կարևոր հարթակ։ Այն նաև առանցքային դեր կունենա 2030 թվականը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի լիարժեք իրականացման ուղիները նախանշելու գործում՝ հավակնությունները վերածելով կոնկրետ և արդյունավետ գործողությունների։
Այս նպատակով Հայաստանի նախագահությունն ակնկալում է ակտիվ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ COP17-ի շրջանակում։
Քանի որ 2026 թվականը եռակի COP-ի տարի է, մենք ունենք նաև բացառիկ հնարավորություն ապահովելու Ռիոյի երեք կոնվենցիաների, ինչպես նաև այլ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող գործողությունների իրական և գործնական ներդաշնակեցումը՝ միաժամանակ լիովին հարգելով դրանց համապատասխան մանդատներն ու իրականացման ոլորտները։
Ի լրումն առաջնորդների գագաթնաժողովի, որը պետք է խթանի կենսաբազմազանության պահպանության գլոբալ քաղաքական կամքը, Հայաստանը COP17-ի բանակցությունների ընթացքում՝ հոկտեմբերի 27 և 28-ին կհյուրընկալի նաև նախարարների բարձր մակարդակի հատվածը, որը վճռորոշ փուլում լրացուցիչ քաղաքական աջակցություն կհաղորդի գործընթացին։
Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի, միջազգային կազմակերպությունների, գիտնականների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, մասնավոր հատվածի և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP17-ի հաջող և ազդեցիկ անցկացումը։
COP17-ը դիտարկվում է որպես շրջադարձային պահ՝ անցում կատարելու պարտավորություններից դեպի իրականացում, հավակնություններից դեպի շոշափելի արդյունքներ, և խթանելու կենսաբազմազանության նպատակների համընդհանուր իրականացումը։ Հենց COP17-ում է, որ կհամախմբի միջազգային հանրությանը՝ «գործել հանուն բնության»՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի տեսլականը վերածելով կոնկրետ և չափելի առաջընթացի»։
Հուլիս 06, 2026 at 17:08
