Դրական եզրակացություն՝ Արտաշատում մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինմանն ու ընդլայնմանը

Դրական եզրակացություն՝ Արտաշատում մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինմանն ու ընդլայնմանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Արարատի մարզի Արտաշատ բնակավայրի արդյունաբերական գոտում «Մել Մետալ» ՍՊԸ-ի կողմից բանեցված կապարաթթվային, էլեկտրական ավտոմեքենաների և կենցաղային սարքերի մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինման և ընդլայնման ՇՄԱԳ հաշվետվությանը (№ 118-26)։ Գործունեությունը դասվում է «Բ» կատեգորիայի։ Արտադրական տարածքի հեռավորությունն ամենամոտ բնակելի տնից 304 մետր է։
Ըստ նախագծի՝ նախատեսվում է տեղադրել ժամանակակից 2 փակ հոսքագիծ․

Հոսքագիծ № 1՝ էլեկտրական ավտոմեքենաների, արևային կայանների և կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի չոր տեսակի մարտկոցների վերամշակման համար: Առավելագույն արտադրողականությունը կազմելու է տարեկան 28-30 հազար տոննա (որից 20 հազար տ/տարի՝ էլեկտրական մեքենաների և արևային կայանների  չոր մարտկոցներ/կուտակիչներ, 8-10 հազար տ/տարի՝ կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի):

Հոսքագիծ № 2՝ կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար, որի արտադրողականությունն ըստ օգտահանված կապարի կկազմի տարեկան 6.0 հազար տոննա: «Մել Մետալ» ընկերությունը նախատեսում է հավաքել միայն ավտոտրանսպորտային միջոցների կապարաթթվային մարտկոցներ։

Վերամշակման արդյունքում ստացվելու է 35-50% սև զանգված, 8-15% պղինձ, 10-20% ալյումին, 5-15% պլաստիկ և 10-25% պողպատ/երկաթ:

Բնապահպանական ռիսկերը

Էկոլոգիական տեսանկյունից մարտկոցների վերամշակման գործընթացը պարունակում է մի շարք ռիսկեր, որոնք ուղղակիորեն առնչվում են օդի, հողային ու ջրային ռեսուրսների աղտոտմանը, ինչպես նաև՝ աշխատակիցների և հարակից բնակչության առողջության պահպանմանը.

Վտանգավոր քիմիական նյութեր և էլեկտրոլիտներ․ կապարաթթվային մարտկոցները պարունակում են ծծմբական թթվի լուծույթ և կապարի միացություններ (կապարի երկօքսիդ)։ Էլեկտրոլիտի անվերահսկելի արտահոսքը կամ սխալ չեզոքացումը կարող է հանգեցնել հողի և ջրային ավազանի աղտոտման։

Փոշու և մետաղական մասնիկների արտանետումներ․ «չոր» տեսակի (լիթիում-իոնային, էլեկտրական մեքենաների) մարտկոցները մասնատելու և աղալու ընթացքում առաջանում է այսպես կոչված «սև զանգված» (35–50%), ինչպես նաև՝ պղնձի, ալյումինի և պողպատի մանր ֆրակցիաներ։ Մեխանիկական մշակման ընթացքում առկա է օդային ավազան վնասակար փոշու արտահոսքի ռիսկ։

Թափոնների մեծ ծավալներ․ ըստ հաշվետվության՝ արտադրական գործընթացում տարեկան առաջանալու է 5400 տոննա պլաստիկի մնացորդ, 9000 տոննա պողպատի թափոն և մինչև 36 մ³ կենցաղային աղբ, որոնք պահանջում են հատուկ կառավարում։

Աղմուկ և թրթռումներ․ սարքավորումների աշխատանքը զուգորդվում է աղմուկի և թրթռումների առաջացմամբ։

 Ռիսկերի մեղմացման տեխնոլոգիական լուծումները

 Նախագծով նախատեսված են տեխնոլոգիական և բնապահպանական հետևյալ քայլերը՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով.

Փակ հոսքագծեր և շինություններ․ մարտկոցների մասնատումն ու վերամշակումն իրականացվելու են ամբողջությամբ փակ համակարգերում և փակ շինության ներսում, ինչը բացառում է փոշու և արտանետումների անմիջական արտահոսքը բաց օդային ավազան։

Էլեկտրոլիտի ավտոմատացված չեզոքացում․ կապարաթթվային մարտկոցներից դատարկված էլեկտրոլիտը չեզոքացվելու է կաուստիկ սոդայի (NaOH) լուծույթով՝ pH-մետրի ավտոմատ վերահսկողությամբ, որից հետո միայն նոսրացված վիճակում ուղղվելու է կոյուղու ցանց։

Ծծմբազերծում և ջրի փակ շրջանառություն․ կապարային մածուկի ծծմբազերծումն իրականացվելու է ռեակտորում, իսկ լվացված ջուրը զտվելու և վերօգտագործվելու է արտադրական փակ ցիկլում։

Պահեստավորման անվտանգություն․ բանեցված մարտկոցները պահվելու են բետոնապատ հատակով, օդափոխությամբ և հակահրդեհային ազդանշանային համակարգով կահավորված փակ պահեստում։ Հումքի տեղափոխումը կատարվելու է փակ թափքով բեռնատարներով։

Թափոնների օգտահանում․ առաջացող պլաստիկը (5400 տ/տարի) և պողպատը (9000 տ/տարի) վաճառվելու են լիցենզավորված վերամշակող կազմակերպություններին։

Կանաչապատում․ նախատեսվում է  մինչև 5500 մ²  տարածքում ընդլայնել առկա կանաչ գոտիները։

Փորձաքննական պահանջներ և մոնիթորինգ

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը պայմանավորել է հետևյալ պարտադիր պահանջների կատարմամբ.

  1. Աշխատանքների իրականացման ընթացքում խստագույնս հետևել ՇՄԱԳ հաշվետվությունում ամրագրված բնապահպանական պահանջների և միջոցառումների իրականացմանը ըստ հաշվետվությունում ներկայացված պլանի, իսկ դրանց չբավարարման դեպքում ներառել լրացուցիչ միջոցառումներ՝ պարտադիր պահպանելով բնապահպանական նորմերը։
  2. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանել արտակարգ իրավիճակների աշխատանքի և անվտանգության կանոններն ու նորմերը։
  3. Աշխատանքների իրականացման ժամանակ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանել արտանետվող փոշու և առաջացող աղմուկի ու թրթռումների թույլատրելի մակարդակը։
  4. Թափոնների պահումն ու տեղափոխումն իրականացնել ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
  5. Ապահովել կոյուղու ցանց ուղղվող կեղտաջրերի թույլատրելի նորմերը ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
  6. Արտադրական տարածքում անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային անվտանգության բոլոր միջոցառումները՝ ներառյալ հրշեջ հիդրանտի տեղադրումը։
  7. Շահագործման փուլում մթնոլորտային օդ արտանետումների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանման նպատակով պարբերաբար իրականացնել մոնիթորինգ:
  8. Պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2010թ-ի «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին N27 հրամանի պահանջները։

Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը մեղմացնող միջոցառումների համար ընկերությունը նախատեսում է տարեկան հատկացնել 720 000 ՀՀ դրամ, իսկ մշտադիտարկումների իրականացման համար՝ տարեկան 360 000 դրամ:

Նախագծի վերաբերյալ Արտաշատի համայնքապետարանում անցկացվել են հանրային լսումներ, որոնց ընթացքում մասնակիցները հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը:

Սեպտեմբեր 22, 2026 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր