ԷկոԼուր-ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը:
Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2010թ. հաշվետվությունները:
Ի գիտության ընդունվեց նաեւ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2010թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին:
Խորհրդին ներկայացվեցին նաեւ հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության տվյալները, նշվեց, որ 2010թ. ապօրինի ծառահատումների փաստով հարուցվել է 30 քրեական գործ` 2009թ. 14-ի դիմաց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդին կտրմադրվի նշված քրգործերով անցնող անձանց վերաբերյալ տեղեկատվություն:
Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ վարչապետին` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կարգավիճակի, անտառկառավարման նոր մոտեցումների հետ կապված քննարկումներ կազմակերպելու համար: Ինչպես նաեւ որոշվեց առաջիկայում փոխվարչապետի մոտ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` հանրապետության անտառածածկի, անտառների եւ անտառային հողերի քանակական եւ որակական ցուցանիշների հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Մարտ 01, 2011
