Aysor.am
Մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Կովկասի բնության հիմանդրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի ֆինանսական հոսքեր կուղղվեն Հայաստանի պահպանվող տարածքների վերազինմանը:
Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գումարներն ուղղվելու են պահպանվող տարածքների ենթակառուցվածքների պահպանմանը, պահպանվող տարածքների հսկողության ծրագրերի և մի շարք այլ աշխատանքներ իրականացնելուն:
«Այս տարվա ծրագիրը 212 հազար եվրոյի շրջանակում է և հատկացվելու է ազգային պարկերին և պահպանվող տարածքներին»,- հաղորդեց Արամ Հարությունյանը և հավելեց, որ 7 տարիների ընթացքում սպասվում են շուրջ 5, 73 մլն դրամի ներդրումներ:
Նրա խոսքով, ներդրումներ են լինելու նաև կառավարության կողմից` 2,4 մլն դոլարի շրջանակներում:
Արամ Հարությունյանը շեշտեց, որ ստորագրված հուշագրից ակնկալում են պահպանվող տարածքների հզորությունների մեծացում, պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ խնդիրների կատարելագործում և, ընդհանապես, պահպանվող տարածքների ավելացում:
Նախարարը հիշեցրեց նորաստեղծ Արփի լիճ և Արևիկ ազգային պարկերը, ինչպես նաև Հանքավանի և Ջերմուկի պահպանվող տարածքները, և շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պարբերական են և ակնկալում են, որ Հայաստանի պահպանվող տարածքները, որը շուրջ 11 տոկոս է, հասցվի մինչև 12 տոկոսի:
Մարտ 10, 2011
