

Հայացք շաբաթաթերթ
Հայաստանը չի՞ հարգում իր վավերացրած կոնվենցիան
Խոսրովի արգելոցի շուրջ ծավալված սկանդալը միակը չէ, որ փաստում է իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաների հանդեպ հայաստանյան իշխանությունների անպատասխանատվության մասին: Այս դեպքում խոսքը վերաբերում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թ. Օրհուսի կոնվենցիային, որը մեր հանրապետությունը վավերացրել է 2001 թ. մայիսի 14-ին և որպես փաստաթուղթը վավերացրած 16-րդ պետություն` ապահովել կոնվենցիայի օրինական ուժի մեջ մտնելը: Օրհուսի կոնվենցիան, ի տարբերություն այլ միջազգային-իրավական փաստաթղթերի, մշակվել է հասարակայնության անդամների ակտիվ մասնակցությամբ և ամրագրում է պետության պարտականությունն իր հասարակության հանդեպ: Այն առաջին հերթին պարտադրում է պետությանը` շրջակա միջավայրի վերաբերյալ ոոշումներ կայացնելիս ապահովել տեղեկատվության մատչելիություն հասարակության համար և հասարակության մասնակցություն որոշման կայացման գործընթացին:
Ու թեև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Օրհուսի կոնվենցիայի վերաբերյալ արտահայտվել է որպես մեծ քայլ առաջ երկրի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, այս բնագավառի ներկա վիճակը ամենևին էլ չի վկայում նախարարության կողմից կոնվենցիային տրվող կարևորության մասին: Հակառակը` Հայաստանն արդեն երկու անգամ խախտել է կոնվենցիան, և Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն արդեն երկու անգամ նշել է մեր երկրի կողմից փաստաթղթում ամրագրված դրույթների չկատարումը, որոնցից առաջինը առնչվում էր Դալմայի այգիներին, իսկ երկրորդը` Թեղուտի հանքավայրի շահագործմանը: Առաջինի դեպքում հայաստանյան երեք հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի Ինթերնեշնլի», «Անդրեյ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության դիմումն էր ուղղվել հանձնաժողովին` վկայակոչելով Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 6-րդ հոդվածի 1-5-րդ և 7-9-րդ կետերով, 8-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների չկատարման փաստերը: Խոսքը վերաբերում էր Դալմայի այգիներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և տարածքների գոտևորման, ինչպես նաև այգիների գյուղատնտեսական տարածքում որոշ հողակտորների վարձակալության առնչությամբ որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և այդ գործընթացում հասարակության մասնակցության անհրաժեշտության խնդիրներին: «Խոսրովի հարցը պարտադիր պետք է փորձաքննություն անցներ, պետք է քննարկվեր հասարակության հետ. այստեղ խախտված են Օրհուսի կոնվենցիայի բոլոր կետերը: Մենք, փաստորեն, կառավարության որոշման մասին իմացանք մի քանի տարի հետո` անցյալ տարի, երբ արդեն սկսվել էր կառուցապատումը»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:
Հանձնաժողովի կարծիքով ևս Հայաստանը խախտել է Կոնվենցիայի մի շարք դրույթներ: Նույնը տեղի ունեցավ նաև 2010-ին, այս անգամ` Թեղուտի խնդրով: Կոմիտեն արձանագրեց, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, և դրանց պատճառով մեր պետությունը ձախողել է Կոնվենցիայի մի շարք կետեր: «Եթե նախորդ անգամ կոմիտեն ավելի հակիրճ էր անդրադարձել մեզ, Թեղուտի հարցով նրանք արձանագրեցին, որ Հայաստանում հասարակության կարծիքը հաշվի չի առնվում, արդարադատության մատչելիություն չկա և մի շարք այլ կոնկրետ դրույթների խախտումներ,- նշում է բնապահպանը:
Իսկ Հայաստանի էկոլոգիական հասարակական դաշինքի աշխատանքային խումբը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համապատասխան մասնագետների հետ քննարկելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա «Գիլան» պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը` եզրակացրել է, որ այն հակասում է նաև ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը: Իսկ խնդրի վերաբերյալ հասարակությունից գաղտնի որոշում կայացնելը կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:
Ըստ Կարինե Դանիելյանի` Հայաստանը կարող է դուրս մնալ կոնվենցիայից:
Իսկ որքանո՞վ է կարևոր այս դեպքում Հայաստանի` կոնվենցիայում մնալու կամ դրանից դուրս մնալու հարցը, միևնույն է, մերոնք ինչ ուզում` այն էլ անում են, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ ուղտի ականջում քնած է:
Մարտ 18, 2011
