ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔ Է

Թամարա Մուրադյան, Հայաստանի Հանրապետություն

Խմելու ջրի բացակայությունը մարդկանց կարող է դարձնել հիվանդ ու անգործունակ։ Առհասարակ մաքուր ջրի բացակայությունը մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջությանն ու տնտեսություններին։

Ջրի համաշխարհային օրվա՝ մարտի 21—ի կապակցությամբ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի ուղերձում հիշատակված գլոբալ խնդիրներին Հայաստանը գրեթե չի առնչվում։ Մենք ջրային ռեսուրսներ ունենք, եւ դրանք բնակիչներին հասանելի են։ Մեր խնդիրն այլ է. ջրային ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում, արդյունավետ չեն օգտագործվում։ Լուրջ խնդիրներ կան՝ պայմանավորված ջրի կորստով, կեղտաջրերի մաքրման առումով։

ՄԱԿ—ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն երեկ ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակում կլոր սեղան—քննարկման ժամանակ նշեց, որ հերթական անգամ նշելով այս օրը՝ կարող են արձանագրել, որ ոլորտի նկատմամբ իշխանությունների եւ հանրության ուշադրությունը տալիս է իր արդյունքները։

«Առանց ջրի չի կարող լինել արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք։ Սակայն հենց ջրի եւ վերջինիս սանիտարական պայմանների ապահովումը հազարամյակի զարգացման նպատակների այն թիրախն է, որում բազմաթիվ երկրներ ամենաշատն են հետ մնում։ Անցած տասնամյակում տանը կամ մոտակայքում ծորակի ջուր չունեցող քաղաքային բնակիչների թիվն աճել է 114 միլիոնով, իսկ սանիտարական տարրական պայմաններ չունեցողներինը՝ 134 միլիոնով»,— նշեց Մարիա Դոցենկոն։

«ԱՊՀ մյուս երկրների համեմատ մեզ մոտ ջրամատակարարման վիճակը լավ է։ Այդուհանդերձ, խնդիրները շատ են։ Դրանք լուծելու համար մեզ շուրջ 1.7 մլրդ դոլար է հարկավոր»,–փաստեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը։

«Այսօր կան կարեւորագույն հարցեր, որոնց լուծումներ դեռեւս չեն տրվել, բայց այս ուղղությամբ կառավարությունը լուրջ քայլեր է կատարում։ Միաժամանակ առաջնային ուշադրություն է դարձվում Սեւանի ջրի որակի բարձրացմանը։ Սեւանա լիճը մեր «աչքի լույսի պես» պետք է պահպանենք, եւ դրան սպառնացող յուրաքանչյուր քայլ դիտարկենք իբրեւ ոտնձգություն ապագայի նկատմամբ»,—ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։

Այն ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում լինելով քաղցրահամ ջրի միակ պաշար, շտեմարան, ինքնին մաքրություն է ենթադրում։

Այս ուղղությամբ մի շարք նախադրյալներ արդեն իսկ ստեղծվել են։ Մասնավորապես, վերջին ժամանակներում արգելվեց ոսկու վերամշակման գործարանի կառուցումը։

«Վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Ջրի մակարդակը 2,5 մետրով բարձրացել է՝ նախատեսված 6 մետրից։ Մնացած 3.5—ն էլ, մեր հաշվարկներով, կբարձրանա մինչեւ 2019թ.»,— կարծում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը։

Բացի ջրի մակարդակի բարձրացումից, մի քանի այլ միտումներ էլ են նկատվում. Սեւանի մասին օրենքի ընդունումով լիճը էկոլոգիական առանձնահատուկ տեղ գրավեց։ Երրորդ միտումն էլ էնդեմիկ ձկնատեսակի՝ իշխանի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներն են։

«Հույս ունենք, որ այս կերպ, եթե, իհարկե, լիճ թափվող իշխաններին չորսան, մոտավորապես 10 տարի հետո այդ ձկնատեսակը «Կարմիր գրքից» կհանեն։ Իսկ ինչ վերաբերում է ներկային, ապա ձկնային պաշարների առումով հիմա Սեւանի պատմության վատթարագույն շրջանն է»,—համոզված է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը։

Մարտ 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր