ԸՍՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ` ՕԴՈՒՄ ԵՎ ՋՐՈՒՄ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԸՍՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ` ՕԴՈՒՄ ԵՎ ՋՐՈՒՄ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԷկոԼուր- ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մարտի 18-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կազմակերպած «Քաղաքացիական հասարակության անհանգստությունը «թեժ կետերի» հիմնախնդրի շուրջ» թեմայով քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին «Արնիկա-Թունանյութերի և թափոնների ծրագիր» կազմակերպության գործադիր տնօրեն Յինդրիխ Պետրլիկը, նմուշառում-վերլուծություն իրականացնող Մարեկ Զիրը, ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ԵԱՀԿ Երևանի գրասենյակից, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրից, ՀՀ ԳԱԱ «Էկոլոգոնոոսֆերային կենտրոնից», բնապահպանության, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարություններից: Զեկուցողների կողմից ներկայացվեց Հայաստանի մի շարք թեժ կետերի` Նուբարաշենի, Էջմիածնի, Ալավերդու, Մասիս-Գրիբոյեդով տարածքներում Արնիկա կազմակերպության կատարած հետազոտությունների գնահատականները:

«Պետք է կառուցվի միջազգային նորմերին համապատասխան թունաքիմիկատների ժամանակավոր պահպանման պահեստ և բոլոր թունաքիմիկատները տեղափոխվեն այդ պահեստ»,-նշեց Յինդրիխ Փեթրլիկը: Իսկ խնդրի վերջնական լուծումը մասնագետները պատկերացնում են թունաքիմիկատների քիմիական եղանակով ոչնչացումը: Միջոցառմանը ներկա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ներկայիս վիճակը և հնարավոր վտանգները: Նշվեց, որ այս հարցում օգնության ձեռք է մեկնել ԵԱՀԿ Երևանի գրասենյակը, ծրագիր է կազմվել համատեղ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի կողմից ուսումնասիրություններ իրականացնելու եւ հետագա ոչնչացման քայլերը որոշելու համար: Վերջինս ներկայացրեց նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց աղտոտվածություն հայտնաբերվել է Նուբարաշենի տարածքից վերցված հողի նմուշներում, իսկ մայրական կաթի, օդի և խմելու ջրի մեջ թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել:

Մարտ 25, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր