ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՉԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին մեկնարկելիք համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ավում է.
«Սիրելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը  և 16-ը հայտարարում է  համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր:

Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը:

Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ, ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ:

Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ  ու  կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարևոր է:

Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ, հազարավոր երևանցիներ են արձագանքելու:

Հորդորում եմ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին,  ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին,  նաև միջազգային  կաույցներին ` մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես  քաղաքի դեմքն է: 

Կոչ եմ անում բոլոր երևանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ  տոնը նվիրենք մեր քաղաքին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան»:

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԲԱԹՕՐՅԱՆԿ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ապրիլի 9-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Ակնկալելով համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործում` Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը  պետք է լինի համակարգված և իրականացվի բոլոր վարչական շրջաններում: «Անհրաժեշտ է ներգրավել բոլորին, և կարևոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաև այդ ծառերի հետագա խնամքը»,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո  արձանագրված նորատունկերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու և մեղավորներին բացահայտելու համար:
Կարեն Կարապետյանը հատկանշել է նաև բակերի բարեկարգման, կանաչապատման և խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը:

Վկայակոչելով օրերս մամուլում հրապարակված մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների աշխատանքի հետ կապված դժգոհությունները` քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել վարչական շրջանների ենթակայության սոցիալական ծառայությունների աշխատանքի նկատմամբ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս հարցում որևէ բողոք անարձագանք չպետք է մնա և հանձնարարել է ընտրանքային ստուգումներ անցկացնել:

Անդրադառնալով ապրիլի 1-ից մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշմանը հաջորդած Երևանում հաշվառում չունեցող քաղաքացիների դժգոհություններին, քաղաքապետը հանձնարարել է հարցը քննարկել և կարճ ժամկետում առաջարկել լուծումներ:

«Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ»,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել փողոցների և բակերի մաքրման աշխատանքներին. «Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաև թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքով»,-նշել է քաղաքապետը:

Ըստ այդմ, Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիների մեջ քարոզել պատասխանատվություն` քաղաքը մաքուր պահելու հարցում:
Մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները միասնական մոտեցմամբ իրականացնելու առումով զեկուցվել է, որ վարչական շրջանների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմվել է Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, աղբահանության վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման միջոցառումների ծավալուն ծրագիր:

ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵՆՔ ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ
ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Երևանի քաղաքապետի  տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է ապրիլի 9-ին և 16-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի ու ծառատունկի ծրագիրը, ինչպես նաև անդրադարձել մայրաքաղաքի կանաչապատման և բարեկարգման 2011թ.-ի անելիքներին: Ապրիլի 9-ին մայրաքաղաքում կտնկվի 15300 ծառ` 3600-ը փողոցներում, 4350-ը զբոսայգիներում և պուրակներում:  2970 տնկիներ համատիրությունների ուժերով տեղ կգտնեն բակային տարածքներում: Եվս 4360 ծառեր կտնկվեն առողջապահական,  նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում: Զանգվածային ծառատունկ կիրականացվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի» բլուր կոչվող տարածքում, որտեղ կվերագործարկվի նաև ոռոգման համակարգը: Ծրագրին կմասնակցեն նաև պետական և ոչ պետական  կազմակերպությունները, բուհերը:

Գործընթացն ավելի ծավալուն է լինելու, քան նախորդ տարիներին, հետևաբար, Կամո Արեյանի խոսքով, կենտրոնացված են բոլոր ռեսուրսները, այդ թվում վարչական շրջանների աղբահանության և սանմաքրման ընկերությունների ու առանձին ոչ պետական ձեռնարկություններին ամրացված տեխնիկան, որի օգնությամբ կտեղափոխվի  մաքրման աշխատանքներից հետո կուտակված աղբը: Անհրաժեշտ մյուս գործիքները բաշխված են վարչական շրջաններին: Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից կոչ արեց մայրաքաղաքի  բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություներին ակտիվորեն մասնակցել ապրիլի 9-ին և 16-ին կայանալիք շաբաթօրյակներին ու ծառատունկին` նշելով, որ մայրաքաղաքի մաքուր ու բարեկարգ վիճակը բոլորիս ձեռքբերումն է լինելու, իսկ հարմարավետությունը, մաքրությունն ու կանաչ միջավայրը ծառայելու է  երևանցիներին: Հատուկ ընդգծվեց նաև կատարված աշխատանքին հոգատար վերաբերմունք դրսևորելու, շրջակայքը մաքուր պահելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարեկան ծրագրի դրույթներին` քաղաքապետի տեղակալը նշեց, որ մայրաքաղաքում 2011թ.-ին բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են  նախատեսված շուրջ 2 մլրդ դրամ արժեքով: Աշխատանքներ կիրականացվեն ինչպես եղած կանաչ գոտիների  պահպանության, այնպես էլ նորերի ձևավորման ուղղությամբ: Վարչական շրջաններում արդեն մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված 4000 մշտադալար տնկիների ծառատունկը, այդ թվում նաև քաղաքի հիմնական մուտքերին հարող փողոցներում: Զուգահեռ իրականացվելու են շուրջ 300 մլն դրամ արժողությամբ ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ: Մայրաքաղաքում այս տարի կմեկնարկի տնկարկային 2 խոշոր անտառների ստեղծման նախագիծը: Առաջինը 51 հեկտար տարածքով` Էրեբունու ՋԷԿ-ին հարող հատվածում, որից 21 հա այս տարի, իսկ   երկրորդ անտառագոտին` 60 հա տարածքով`  «Էրեբունի» օդանավակայանին հարող հատվածում: Համաքաղաքային բյուջեից շուրջ 600 մլն դրամ էլ կուղղվի նոր սիզամարգերի ու ծաղկանոցների ծրագրին: Բարեկարգման ընդհանուր աշխատանքների ծավալները կկազմեն մոտ 20 մլրդ դրամ, ևս 7.7 մլրդ դրամի աշխատանքներ պատվիրակված են վարչական շրջաններին: Կամո Արեյանը նշեց նաև, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից խիստ հանձնարարական է տրվել բոլոր աշխատանքները սկսել և ավարտել նախատեսված ժամկետներում:

Ապրիլ 07, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր