

ԷկոԼուր-ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ ապրիլի 12-ին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարների, շահագրգիռ այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ ներկայացվեց Հայաստանի անտառային ոլորտի վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից:
Ուսումնասիրությունը վերաբերում է ոլորտի ներկա իրավիճակին եւ զարգացման տարբերակներին, բացահայտվում են նաեւ առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջարկություններ են տրվում: Մասնավորապես ներկայացվում են «Հայանտառի» դերի եւ պատասխանատվության բարձրացման, այլընտրանքային էներգակիրների խթանման եւ բազմաթիվ այլ առաջարկություններ:
Տեղեկացվեց, որ առաջարկների հիման վրա ներկայումս մշակվում են սցենարներ, գնահատվում են դրանց արժեքն ու օգուտները: Ամփոփ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին եւ կներկայացվի շահագրգիռ մարմիններին:
ՀԲ փորձագետները պատասխանեցին նաեւ ներկաների հարցադրումներին:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնելով կատարված համապարփակ ուսումնասիրության համար` միաժամանակ հեղինակներին առաջարկեց մշակել հնարավորինս իրատեսական սցենարներ:
Անդրադառնալով ներկայացված առաջարկություններին` փոխվարչապետը նկատեց, որ ՀՀ կառավարությունը ոլորտի խնդիրները լուծելու բավարար քաղաքական կամք ու վճռականություն ունի: Գործող օրենսդրությամբ սահմանված խիստ մոտեցումները եւս դրանով են պայմանավորված:
Ամփոփ փաստաթուղթը պատրաստ լինելուց հետո Ա. Գեւրոգյանն անհրաժեշտ համարեց շահագրգիռ գերատեսչություններում փորձագիտական մակարդակով քննարկումների կազմակերպումը: Նա կարեւորեց նաեւ ուսումնասիրության արդյունքները հանրությանը ներկայացնելը, եւ, հատկապես, բնապահպանական ՀԿ-ների հետ դրանց շուրջ քննարկումների կազմակերպումը:
Փոխվարչապետը նաեւ իր եւ ներկաների անունից առաջնահերթ լուծում պահանջող հարցերը քննարկելու ու դրանց օպտիմալ լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնեց:
Ապրիլ 13, 2011
