

ԱրմԻնֆո
Գազի գնի թանկացումն ինքնաբերաբար ավելացրել է ապօրինի անտառահատումների ծավալը: Այդ մասին հայտարարեց «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անտառի հատումն ավելի շուտ սոցիալական խնդիր է, քանի որ ապօրինի հատված ծառերի 90%-ը վառելափայտի պատրաստման համար են գնում»,- նշեց Մաթեւոսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, խոսել այն մասին, որ Հայաստանը կորցնում է անտառային տարածքները, սխալ է, քանի որ մասնագետները դիտարկում են անտառի բնական աճ:
NASA-ի տվյալները մխիթարիչ չեն. հանրապետությունում շարունակվում է անտառների կրճատման միտումը: Տիեզերքից արված լուսանկարները վկայում են, որ եթե 2001թ. անտառային տարածքները կազմել են 8%, ապա 2006թ. արդեն` 7,9%: Համաձայն ամերիկացի մասնագետների հետազոտությունների` 2020թ. Հայաստանը կարող է մնալ առանց անտառային տարածքների, ինչը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների կրճատմանը եւ սողանքային գործընթացների ակտիվացմանը: Էկոլոգների կարծիքով` անտառային զանգվածների կրճատման պատճառը վերջին տարիներին անտառի անօրինական հատումն է: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի կարծիքով` այդ գործընթացը հնարավոր կլինի կանգնեցնել միայն այն դեպքում, եթե լինի որոշակի ժամանակահատված անտառահատումն ամբողջությամբ արգելելու քաղաքական կամք, ինչպես նաեւ տրամադրվեն արտոնություններ եւ դոտացիաներ անտառամերձ համայնքների բնակիչներին, քանի որ գազի թանկ գնի պատճառով նրանք ստիպված են վառելափայտ օգտագործել:
«Հայանտառ»-ը չափազանցված է համարում մոտեցումը, որ Հայաստանը զրկվում է անտառից
NEWS.am
Անտառների վիճակն այսօր վատ է 1988-ի վիճակի համեմատությամբ, բայց լավ է` 2003-ի համեմատ: Այս մասին այսօր`մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Նրա խոսքով, կան դեգրադացված տարածքներ, որակական տեսակետից փոփոխություններ: «90-ականներից սկսած` էներգետիկ ճգնաժամի, շրջափակման վիճակի պատճառով, անտառային տարածքները լրջագույն վնաս են կրել: 2003-2004թթ սկսած, խնդիրը կամաց-կամաց սկսեց լուծվել, ինչին նպաստեցին գազաֆիկացման բարձր տեմպերը, մոտ 5 անգամ ավելացել է գազօգտագործողների թիվը եւ այդքան անգամ էլ նվազել փայտի նկատմամբ պահանջարկը»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն`2004թ-ից ի վեր Հայաստանում 30 հազար հա անտառային տարածք է վերականգնվել, տնկվել է շուրջ 12 միլիոն ծառ: NEWS.am-ի դիտարկմանը Ամերիկյան համալսարանի կողմից Տիեզերքից կատարված ուսումնասիրության վերաբերյալ, որի համաձայն, Հայաստանը 2020թ կրզկվի անտառներից, Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ նման հետազոտություն չկա:
Մաթեւոսյանի ներկայացմամբ, իրենք նախատեսել են Համաշխարհային բանկի հետ ուղղաթիռով շրջայց կատարել անտառային տարածքներով, եթե հնարավոր լինի, նկարել եւ ցույց տալ: «Մոտեցումները, որ մենք զրկվում ենք անտառներից, չափազանցված են եւ այն մենք չենք կիսում: Այդ ծայրահեղ մոտեցումները նաեւ հասարակությանը գցում են ցայտնոտի մեջ: Անտառը ունենք, անտառը զարգանում է, չնայած այս ամենին` ապօրինի անտառահատումները մնում են թիվ մեկ խնդիրը»,- ասաց նա:
Մայիս 06, 2011 at 11:51
