

ԷկոԼուր
Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնն առաջարկում է վերանայել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մեջ մտնող անտառտնտեսությունների 2011թ. պլանները եւ այդ պլանների հաստատումը կառավարության որոշումների մակարդակ տեղափոխել: Կենտրոնը հիմնավորում է այդ առաջարկությունը նրանով, որ պլանները կազմված են սխալներով եւ անճշտություններով: Կենտրոնը նաեւ առաջարկում է սահմանափակվել միայն խնամքի հատումներով, քանի որ սանիտարական հատումների եւ անտառվերականգնման հատումների մասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալները ուղղման եւ լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն:
Ստորեւ ներկայացնում ենք Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հաշվետվության մեջ արտացոլված հիմնավորումները:
«Ուսումնասիրությունների արդյունքում կենտրոնի կողմից արձանագրվել են մի շարք թերություններ, բացթողումներ և կոպիտ սխալներ, որոնք հակասում են ՀՀ անտառային օրենսգրքին, անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգին և ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերին:
Մասնավորապես.
- Կազմված բոլոր անտառկառավարման պլաններում անտառտնտեսությունների հարակից համայնքների վարչական սահմանների կադաստրային և անտառշինական քարտեզագրական նյութերի համադրման արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ և անճշտություններ:
Ըստ սահմանված կարգի անտառշինական օբյեկտի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հողաշինական, անտառշինական և իրական չափագրումների տվյալների անհամապատասխանության դեպքում հողաշինարարական մարմինների հետ կատարվում են համապատասխան ճշտումներ, որոնք ձևակերպվում են ակտերով և ստորագրվում հողաշինական մարմինների և անտառշինական կազմակերպության կողմից, ինչը հիմք է հանդիսանում անտառշինական օբյեկտի քարտեզագրական և հետագա գույքագրման աշխատանքների համար: Առանց այդ ճշտումների անտառշինական օբյեկտի /տվյալ դեպքում անտառտնտեսության/ սահմանների կազմումը և անտառգույքագրումն անթույլատրելի են:
- Բոլոր անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններում նշված անտառվերականգնման հատումները հիմնականում չեն համապատասխանում «Արտադրական նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 07.09.2006թ. թիվ 1412-Ն որոշման պահանջներին: Մասնավորապես` կարգում հստակ նշված է, որ անտառվերականգնման հատումները կատարվում են 0.7-ից բարձր լրիվությամբ անտառներում, իսկ 0.7-ից ցածր լրիվության դեպքում թույլատրվում է միայն սաղարթի տակ նոր ծառուտներ կազմելու համար բավականաչափ թվով մատղաշների` մեկ հեկտարի հաշվով 8-10 հազ. հատ քանակության պայմաններում: Իսկ անտառկառավարման պլաններում, որտեղ նշանակված են անտառվերականգնման հատումներ, լրիվությունը հիմնականում 0.7-ից ցածր է, իսկ մատղաշի քանակությունը հեկտարում կազմում է 5-7 հազ. հատ:
- Նախագծերում նախատեսված են սանիտարական հատումների իրականացում հստակ ծավալային ցուցանիշներով այն դեպքում, երբ նախագծերում շեշտված է, որ անտառշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից անտառպաթոլոգիական հետազոտություններ չեն կատարվել: ՀՀ Անտառային Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով հստակ սահմանված է, որ սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների (կամ մոնիթորինգի) արդյունքում ստացված տվյալների հիման վրա: Վերոհիշյալ դրույթը ամրագրված է նաև «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 22-ը հունիսի 2006թ-ի որոշման 5-րդ կետում: Հետևաբար, անտառկառավարման պլաններում ներկայացված սանիտարական հատումներն իրենց ծավալներով հիմնավորված չեն:
- ՀՀ Անտառային Օրենսգրքի 10-րդ հոդվածով տրված է անտառների դասակարգումն` ըստ հիմնական նպատակային նշանակության: Ըստ այդ դասակարգման, բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները դասվում են պաշտպանական նշանակության անտառների շարքին: Սակայն մշակված անտառկառավարման պլանների նախագծերում մի շարք անտառային տարածքներ, որոնք գտնվում են 30 աստիճանից բարձր թեքությունների վրա, դասվել են որպես արտադրական նշանակության անտառներ և նրանցում նախագծվել են արտադրական անտառների համար նախատեսվող միջոցառումներ:
- Անտառտնտեսություններում, դաշտային պայմաններում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ մի շարք անտառտնտեսություններում քառակուսային և նշանոցանային ցանցի նախագծումը չի համապատասխանում տեղանքին, իսկ որոշ անտառտնտեսություններում չեն տեղադրվել քառակուսային նշանոցանային սյուները: Նման սխալները և թերությունները խոչընդոտում են կազմակերպություններին տեղանքում ճիշտ կողմնորոշվելու, անտառտնտեսական միջոցառումները կառավարման պլաններով նախատեսված վայրերում իրականացնելու գործում, ինչն էլ հիմք է հանդիսանում անտառտնտեսությունների կողմից անտառտնտեսական աշխատանքների վայրի, եղանակների և ծավալների կամայական ընտրության: Արդյունքում հատատեղերի ընտրությունը, անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները կատարվում են չնախատեսված տեղերում, հաճախ սխալ են ընտրվում աշխատանքների եղանակը, ծավալը, չի ապահովվում հատատեղերում շինափայտի ելքի տոկոսը, անտառապատումից և անտառվերականգնումից ակնկալվող արդյունքները:
Անտառկառավարման պլանների, արբանյակային պատկերների և սխեմատիկ քարտեզների համադրման արդյունքները
Կենտրոնի կողմից կատարվել է ԱՏՀ/GIS միջավայրում ստեղծված քարտեզագրական շերտերի ներբեռնումը և համադրումը Google Earth տեղեկատվական ծրագրի հետ, այնուհետև ուսումնասիրվել են անտառտնտեսությունների տարածքները /քառակուսի առ քառակուսի, հատված առ հատված ամբողջությամբ/ և արբանյակային պատկերների և անտառկառավարման պլանների անտառգնահատման նկարագրում ներկայացված տվյալների համեմատության արդյունքում դուրս են բերվել մի շարք անհամապատասխանություններ և անճշտություններ, կապված անտառների և անտառային հողերի սահմանների, անտառային պաշարների գույքագրման և գնահատման ցուցանիշների հետ:
Նման սխալներն ու թերությունները չեն նպաստում անտառների կայուն կառավարմանը և կարող են լուրջ վնասներ հասցնել հանրապետության անտառներին և անտառային տնտեսությանը»:
Մայիս 26, 2011 at 11:25
