

ԷկոԼուր
«Այսօր կառավարության դիրքորոշումն այնպիսին է, որ «Հայանտառ»-ը պետք է ծառ հատի, որպեսզի լրացնի իր բյուջեում առաջացած բացը: Սակայն նույնիսկ այս պարագայում, գումարները գոյանում են աշնան ամիսներին, իսկ հիմնական ծախսերը կատարվում են գարնանը եւ ամռան ամիսներին»,-այս մասին www.hayantar.am կայքում ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Գլխավոր անտառապետի մեկնաբանությունները պայմանվրորված են անտառային սեկտորի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների մտահոգություններով:
«Այս տարվա համար «Հայանտառ»-ի տարեկան թույլատրելի հատումների ծավալը սահմանվել է 30000 խմ, ինչը 16000-ով պակաս է քան անտառկառավարման պլանում նշված ծավալը»,- ասել է Ռուբեն Պետրոսյանը:
Անդրադառնալով անտառածակի վերաբերյալ հակասական տվյալներին` Ռուբեն Պետրոսյանը նշել է. «Ինչ վերաբերում է անտառածածկի, արդեն վաղուց արծարծվող թեմային` հայտարարությամբ հանդես գալը մի հարց է, իսկ կոնկրետ գիտական մեթոդոլոգիաներով հաշվարկված տվյալների պարագայում քննարկում ծավալելը մեկ այլ: «Հայանտառը» այսօր ամենաշահագրգիռն է ստույգ տվյալներ ունենալու հարցում: Ներկայումս, Հայանտառի վեբ կայքում տեղադրված են եւ մատչելի են լայն հասարակությանը անտառկառավարման պլանները, որոնցում ներկայացվող տվյալներն ամենաստույգն են այսօրվա դրությամբ»:
Նշենք, որ մինչ օրս «Հայանտառը» չի ներկայացրել ստույգ թիվ, թե որքան անտառածածկ տարածք կա Հայաստանում եւ չի ներկայացրել այդ տարածքներում անտառակազմի տվյալները, որոնք անհրաժեշտ են անտառկառավարման համար:
Հուլիս 04, 2011 at 14:51
