Ինչո՞ւ է լռում նախարար Տիգրան Դավթյանը, երբ իրենից վերցնում են արդյունաբերությունը

Ինչո՞ւ է լռում նախարար Տիգրան Դավթյանը, երբ իրենից վերցնում են արդյունաբերությունը

ԷկոԼուր

Օրերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության www.minenergy.am կայքում հայտնվեց հայտարարություն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման օպերատորի ընտրության վերաբերյալ հետաքրքրությունների հայտ»-ի մասին: Հայտարարության մեջ նշված է, որ հայտը ներկայացրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերն ու պարտատերերը, իսկ առաջարկություններն ընդունում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Արդեն ստույգ առաջարկություն կա գերմանական  «Chemieanlagenbau Chemnitz GmbH» ընկերությունից:

Հայտարարության մեջ նշված է, որ «ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել բիզնես ոլորտը լավացնելու հարցերում  օրենսդրության, ենթաօրենսդրական եւ նորմատիվային ակտերի մեջ փոփոխություններ կատարելու միջոցով»:  Մեր մտահոգությունն է առաջացնում այն հարցը, թե ինչի հաշվին է քիմիական արդյունաբերությունում լավանալու բիզնես-միջավայրը, շրջակա միջավայրի  համար ռիսկերի հաշվի՞ն, ինչպես դա տեղի ունեցավ «Ընդերքի մասին» օրենսգրքի հետ, որը մշակվել է  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության  պատերի ներքո:

Հանքարդյունաբերության ոլորտում բիզնես-միջավայրը բարելավվեց շրջակա միջավայրը աղտոտելու դիմաց չվճարելը օրինականացնելու եւ  օրենսգրքի այլ հակաէկոլոգիական դրույթների հաշվին:  

Իսկ այժմ` Նաիրիտը: Տպավորություն է, որ երկրի զարգացման մասին խոսելով, կառավարությունը երկար տարիների ընթացքում այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ անել արդյունաբերության հետ: Վազգեն Սարգսյանի ղեկավարած 1999թ. կառավարությունից հետո «արդյունաբերություն» բառը ընդհանրապես հանված էր նախարարությունների անվանումներից: Բայց ոլորտը վերահսկվում էր Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից (այժմ էկոնոմիկայի նախարարություն): Ապա ի՞նչ է պատահել, որ վերահսկողությունն անցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարությանը ոչ մի կերպ չի արձագանքել, իսկ էներգետիկայի նախարարությունը ձեռք բերեց գործունեության եւս մեկ կարեւոր ոլորտ, որը ավանդաբար պատկանում է քիմիական արդյունաբերությանը, ընդ որում, ձեռք բերեց այն ժամանակ, երբ հարց ծագեց ներդրումների եւ օրենսդրության մեջ փոփոխությունների մասին: Նկատենք, մեծ գումարների հարց է:

Լուսանկարը www.yerevaklur.am-ի

Հուլիս 05, 2011 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր