Հայաստանում 11 300 հա անտառ վարակված է. ավիաքիմիական պայքարն արդեն անիմաստ է

Հայաստանում 11 300 հա անտառ վարակված է. ավիաքիմիական պայքարն արդեն անիմաստ է

Tert.am

Այս տարի մեծապես տարածվել են ալրացող և տերևակեր վնասատուները. 11 300 հա անտառ վարակված է։ Այս մասին հուլիսի 19-ի ասուլիսին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։ Ըստ նրա՝ առավելապես վարակված են Արագածոտնի մարզի Արա լեռան և Կոտայքի մարզի Արզականի տարածքները։

Այս պահին, ըստ Մաթևոսյանի, վնասատուները հարսնյակավորված են, և անիմաստ կլինի նրանց դեմ ավիաքիմիական պայքարը։ «Ավելի վաղ հնարավոր չէր՝ կապված եղանակային պայմանների հետ, և դա շատ արագ տարածում գտավ»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե հնարավոր լինի մյուս տարի ավիաքիմիական պայքար տանել, ապա այս վնասատուների վնասները շատ քիչ կլինեն։

Ըստ բանախոսի՝ անտառային վնասատուների տարածումը բնորոշ է անտառային տարածքներին, և կախված եղանակային պայմաններից՝ դրանք շատանում են։ «Պարբերաբար իրականացվել է վնասատուների դեմ պայքար, և այն ամենից մեծ ծավալ ունեցել է 2007թ, իսկ հետո ծավալները նվազել են, 2010-2011թթ ընդհանրապես չի իրականացվել»,- ասաց նա։ Մաթևոսյանը նշեց, որ բյուջեով արդեն իսկ հատկացումներ են կատարվել ավիաքիմիական բուժման համար. 1 հա-ի համար կտրամադրվի 9500 դրամ, ինչը և պահանջվում է։

Անտառային համակարգի հիմնական խնդիրը ապօրինի անտառհատումներն են
Tert.am 

Այսօր «Հայանտառն» ունի 345 հազար հա հող, որից 277 հազարն անտառածածկ է։ Անտառային համակարգի հիմնական խնդիրը ապօրինի անտառհատումներն են, և անցյալ տարի կառույցն արձանագրել է 2520 ապօրինի հատված ծառ՝ 1հա-ից 1 ծառ։ Հուլիսի 19-ին լրագրողներին այս մասին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։

Անտառհատումներն, ըստ բանախոսի, առավել մեծ ծավալով հանդիպում են այն երկրներում, ուր սոցիալական խնդիրները սրված են։

«Դեռ գարնանը, մոնիտորինգի տվյալներով, ապօրինի հատվել էր 1700 ծառ։ Անտառհատումների ծավալի աճը նկատվեց դեռ անցած տարվա աշնանից՝ կախված գազի գնի թանկացումից,- ասաց նա։ -Հիմնականում ապօրինի հատումներն իրականացվում են անտառամերձ հատվածներում, սակայն բնակիչներն իրենք օգտագործում են թափուկներ»։ Նա նշեց, որ 1հա անտառածածկը 1 խորանարդ մետր թափուկ է գոյացնում. «Ես դա շատ փոքր թիվ եմ ասում։ Մեր օրենսդրությամբ թափուկի 1 խ/մ-ն հարկվում է շուրջ 1200 դրամ, իսկ անտառից դրա դուրս բերում անտառի համար օգտակար է»։

Ըստ բանախոսի մեծ խնդիր է նաև անտառամերձ հատվածի խոտհարքերի այրումը. հրդեհը տարածվում է և վտանգում անտառը։ «Անցյալ ամբողջ տարին մենք զբաղված էինք հրդեհ մարելով»,- նշեց նա՝ հավելելով, որ անտառը զգալիորեն չի տուժել հրդեհներից միայն համապատասխան մարմինների օպերատիվ արձագանքի, հրդեհը մինչև անտառ մեկուսացնելու արդյունքում։ 

«Այս տարի էլ հրդեհներ եղել են, օրինակ, Նուբարաշենի անտառների 3-4 տարվա տնկիները վնասվել են ճանապարհով անցնող մեքենայինց նետված ծխախոտից բռնկված հրդեհից»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ վնասները հնարավոր կլինի գնահատել միայն մի քանի շաբաթից։

Այս տարի բյուջեն գումար չի հատկացնելու անտառվերականգնման աշխատանքներին
Մերի Մամյան, Հետք

«Անտառային համակարգի հիմնական խնդիրն ապօրինի անտառհատումներն են»,- հուլիսի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Ըստ նրա` պատճառներից մեկը հենց հասարակության սոցիալական վատ վիճակն է: Իսկ այս տարի նկատվել է ապօրինի հատումների աճ. հայտնաբերվել է 1700 ապօրինի հատված ծառ, որից 1000-ը հայտնաբերվել է «Հայանտառ»-ի կողմից: Անցյալ տարի այդ թիվը եղել է 2520: Ապօրինի անտառհատումները հիմնականում տեղի են ունենում անտառամերձ տարածքներում, սակայն միշտ չէ, որ դա կատարվում է տեղի բնակիչների կողմից: Պատճառներից մեկն էլ գազի գնի բարձրացումն է. անտառամերձ տարածքներում, չնայած առկա գազիֆիկացմանը, մարդիկ չեն կարողանում վճարել գազի գումարը: Որպես վառելիք օգտագործում են փայտը, սակայն հիմնականում թափուկ` չորացած կամ եղանակային պայմաննների հետևանքով վնասված ծառերը:

Մ. Մաթևոսյանը նշեց, որ իրենք պայքարում են նաև վնասատուների և զանազան հիվանդությունների դեմ: «2010-2011 թթ.-ին պայքար չի իրականացվել, որովհետև վարակված տարածքները քիչ են եղել: Այս տարին, սակայն, բարենպաստ էր վնասատուների համար»,- ասաց  «Հայանտառ»-ի տնօրենը: 

«Հայանտառ»-ի ենթակայության տակ է 19 անտառտնտեսություն. 345 հազար հա, որից 277 հազար հա անտառածածկ է: Դրանից 8300 հա-ն վարակված է վնասատուներով և մոտ 3600 հա-ն` հիվանդություններով: Սակայն Մաթևոսյանի կարծիքով` այս թվերը չպետք է մտահոգեն:

Նրա խոսքերով` աշնանը և գարնանը կիրականացվեն անտառպաթոլոգիական հետազոտություններ, և այդ արդյունքների հիման վրա կիրականացվի ավիոքիմիական պայքար: Իսկ մեկ հա-ի ավիոքիմիական պայքարի համար պահանջվում է մոտ 9500 դրամ:

«Եթե չիրականացնենք, վնասները շատ ավելի մեծ կլինեն»,- նշեց Մ. Մաթևոսյանը:

Նրա խոսքերով`բյուջեի միջնաժամկետ ծրագրում ներառված են ավիոքիմիական ծախսերը: Միաժամանակ «Հայանտառ»-ն այժմ հնարավորություն չունի արբանյակային հետազտում անցկացնելու, սակայն Մաթևոսյանը հույս հայտնեց, որ դա կլինի այս տարվա վերջին:

Նա որպես առավել վարակված տարածքներ նշեց Արագածոտնի և Կոտայքի մարզերը:

«Սանիտարական հատումները որևէ առնչություն չունեն վարակված տարածքների հետ: Դա չի կարող նպաստել սանիտարական հատումների ծավալի ավելացմանը»,- հայտարարեց Մ. Մաթևոսյանը:

Նա նշեց, որ նախկինում անտառվերականգնման ամբողջ ծախսը հոգում էր ՀՀ բյուջեն` հատկացնելով մոտ 350 մլն դրամ: Անցյալ տարի այդ գումարը կազմել է 34 մլն դրամ, իսկ այս տարի այդ աշխատանքների համար բյուջեից գումար չի հատկացվելու: «Հայանտառ»-ն այդ աշխատանքերը պետք է իրականացնի իր բյուջեի հաշվին:

Հարցին, թե ինչպես դա կարելի է մեկնաբանել այն խոսակցությունները, թե անցյալ տարի Դիլիջանում բռնկված հրդեհը եղել է միտումնավոր` սուպերմարկետ կառուցելու համար, Մաթևոսյանը պատասխանեց, որ դա դժվար թե համապատասխանի իրականությանը:

«Սակայն Դիլիջանի ազգային պարկը «Հայնտառ»-ի ենթակայության տակ չէ»,- հավելեց Մ. Մաթևոսյանը:

Նա նաև նշեց, որ օրեր առաջ Նուբարաշենի տարածքում շուրջ 10 հա-ի վրա հրդեհ է բռնկվել`հավանաբար ծխախոտից, սակայն ծառերի վնասը շատ քիչ է: Իսկ կոնկրետ վնասները որոշելու համար ժամանակ է պետք:

«Հայանտառ»-ն այս տարի իրականացնելու է միջազգային ծրագիր 3 տարով, որով նախատեսված է տնկել 150 հա խառը անտառներ: Այդ են պահանջում նաև կլիմայական փոփոխությունները, և կա հատկապես տերևավոր և փշատերև անտառների հիմնման խնդիր: 

«Չեմ կիսում բնապահպանների այն կարծիքը, որ Հայաստանը կանգնած է անապատացման եզրին: Մենք անտառային տարածքների կորուստ չենք ունեցել»,- ասաց Մ. Մաթևոսյանը:

Նա նաև նշեց, ոչ Թեղուտի հանքի լրիվ շահագործման դեպքում կվերանա 357 հա անտառտարածք, սակայն միժամանակ «Էյ Սի Փի» ընկերությունը պարտավորված է տնկել 700 հա նոր անտառներ:

«Հայանտառի» տնօրենը պաշտոնապես հերքում է, որ գեներալներն ու պաշտոնյաները սղոցարաններ ունեն
Մերի Մամյան, Հետք

«Հետքը» գրել էր, որ «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ենթակայությունից «կորել էր» 5,6 մլն դրամին համարժեք 530 խմ վառելափայտ և 7 խմ շինափայտ, որի առիթով քրեական գործ էր հարուցվել:

«Քրեական գործը հարուցված է պահեստապետի` Մաշինյանի վրա, և նա վերականգնել է այդ գումարը: Կամո Շահնազարյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Դեռ 1998-ին «Հայանտառը» Երեւանի կոնյակի գործարանի հետ կաղնու տակառանյութի մատակարարման 15 տարվա պայմանագիր էր կնքել, որը սակայն գործել է մինչեւ 2001-ը, երբ Կառավարությունը  «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» թիվ 49 որոշմամբ սահմանել էր. «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տարածքներում արգելել հետեւյալ ծառատեսակների` ընկուզենու, հացենու, տանձենու, կաղնու, թխկենու, լորենու եւ թեղու անտառվերականգնման նպատակով հատումները»: 

«Այդ արգելանքի հիմնական նպատակը եղել է կաղնու ծառատեսակի հատման արգելանքը, մնացածը ուղեկցող ծառեր են,- ասում է Մաթեւոսյանը,- ես ստվերային մոտեցումներին եմ տեղյակ: Կառավարությունը որոշում է ընդունել նրա համար, որ դադարեցվի «Հայանտառ»-կոնյակի գործարան պայմանագիրը, որը կնքվել է մի քանի տարով»: Եվ հարցին, թե ինչու է 2006-ին Կառավարությունը անտառվերականգնման հատումներին ոչ ենթակա ծառատեսակների ցանկից հանել կաղնին, իսկ 2007-ին ուժը կորցրած ճանաչել 2001-ի այդ որոշումը, Մաթևոսյանը պատասխանում է. «Մեր անտառային ֆոնդի կաղնի ծառատեսակը մեծ ծավալ ունի: Մեզ նաև շատ եվրոպական մասնագետներ մեղադրում են, որ մենք չափից ավելի շատ գերհասուն անտառներ ենք պահում»:

Իսկ տարբեր գեներալների ու պաշտոնյաների սղոցարանների վերաբերյալ էլ «Հայանտառի» տնօրենը նշում է. «Պաշտոնապես ասում եմ, որ արդեն տարիներ շարունակ նման երևույթ չկա: Այն, ինչ որ տարածված էր 1990-ականներին կամ 2000-ականների սկզբին, երբ այսպես կոչված գեներալները զբաղվում էին անտառհատումներով, նման երևույթ վաղուց չկա»:

Մաթեւոսյանն ասում է, որ նման կարծիք է ստեղծվել այն պատճառով, որ բանակին տրամադրվող փայտը տեղափոխում են պաշտպանության նախարարության մեքենաներով, և մարդիկ մտածում են, որ զինվորականները չարաշահում են իրենց պաշտոնները:

Հուլիս 21, 2011 at 10:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր