

Արթուր Հովհաննիսյան, Հայացք
- Անտառային համակարգի հիմնական խնդիրն այսօր ապօրինի անտառահատումներն են,- «Պոստ Սկրիպտում» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:- Ցավոք, այս տարի նկատվում է ապօրինի անտառահատումների ծավալի աճ. գարնանային մեր ստուգումներով և բնապահպանական տեսչության ստուգումներով, միաժամանակ նաև մոնիտորինգի հայտնաբերած ապօրինի հատումների քանակն արդեն 1700 է:
Մ. Մաթևոսյանի տեղեկացմամբ` ապօրինի անտառահատումների քանակի ավելացումը նկատվել է անցյալ տարվա աշնանից` պայմանավորված գազի գնի թանկացմամբ: Անտառամերձ բնակավայրերի բնակչությունը հիմնականում գազ չի օգտագործում. չնայած կան նաև գազիֆիկացված անտառամերձ համայնքներ, բայց բնակիչներից շատերը գազի բարձր գնի պատճառով իրենց կենցաղային կարիքները բավարարում են ապօրինի անտառահատումների միջոցով ձեռք բերված փայտով:
Չժխտելով տնօրենի վերոնշյալ բացատրությունը` ընդգծենք, որ ապօրինի անտառահատումների ծավալի աճը պայմանավորված է նաև շինափայտի ավելի ու ավելի աճող գներով և այդ ապրանքատեսակի բիզնեսով: Անտառին մարդկանց պատճառած վնասից բացի Հայաստանի անտառները վերջին շրջանում լրջորեն տուժում են նաև վնասատուներից և հիվանդություններից: Ո՞ր տարածքներն են հատկապես վարակված, և ստեղծված վիճակն արդյոք կարո՞ղ է օգտագործվել ոմանց կողմից, որպեսզի ակտիվանան սանիտարական հատումները և, այսպես ասած, փայտի մթերման պլանը կատարվի:
- Հիմնական վարակված տարածքները Արագածոտնի մարզի Բյուրականի, Արալեռան, Կոտայքի մարզի Արզաքանի անտառպետության տարածքներն են, վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքներ կան նաև մյուս մարզերում,- ասաց Մ. Մաթևոսյանը:
Չենք առարկում տնօրենի ասածին` պարտադիր չէ, որ վնասատուներից տուժած ու հիվանդ բոլոր ծառերը չորանան և ենթակա լինեն սանիտարական հատման: Սակայն կասկածից դուրս է, որ այդ ծառերի մի մասը հաջորդ տարի արդեն ենթակա կլինի սանիտարական հատման: Եթե 2012 թ. նույնիսկ բուժման աշխատանքներ իրականացվեն, միևնույն է, ծառերի մի մասը փրկել չի հաջողվի: Մենք հակված չենք կարծելու, թե ավելի մեծ ծավալի սանիտարական հատումների հնարավորություն ստանալու նպատակով է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ժամանակին չի պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ: Այնուամենայնիվ, ներկայացնենք թույլ տրված անգործության իրական պատճառը, որը տարբերվում է տնօրենի բացատրությունից: Սակայն նախ ներկայացնենք պարոն Մաթևոսյանի բացատրությունը.
- Վերջին տարիներին` սկսած 2003, 2004 թվականներից, պարբերաբար պայքար է իրականացվել վնասատուների և հիվանդությունների դեմ, ավելի մեծ ծավալով` 2007, 2008 թվականներին, պակաս ծավալով` 2009 թվականին, 2010, 2011 թվականներին պայքար չի իրականացվել, որովհետև վարակված տարածքները քիչ են եղել:
2010 թ. վարակված տարածքները թերևս քիչ են եղել, և քիչ են եղել շնորհիվ այն բանի, որ 2007-2008 թթ. վնասատուների և հիվանդությունների դեմ լուրջ պայքար է իրականացվել, մասնակի պայքար իրականացվել է նաև 2009 թ.: Այդ աշխատանքներն ունեցել են նաև կանխարգելիչ ազդեցություն, և հենց դա նկատի ունենալով է, որ վնասատուների դեմ տարվող աշխատանքները պիտի շարունակվեին նաև 2010 թ.: Մինչդեռ 2010 և 2011 թթ. պայքար չի իրականացվել, և այսօր արդեն ականատեսն ենք այդ անգործության, մեղմ ասած, տխուր հետևանքների, որ ավելի սրվեցին այս տարվա անբարենպաստ եղանակի պատճառով: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ամենայն հավանականությամբ, լեզվի սայթաքում թույլ տվեց` ոչ միայն 2010, այլ նաև 2011-ի համար նշելով, թե վարակված տարածքները քիչ են եղել, քանի որ առանց այն էլ սակավանտառ Հայաստանում վնասատուներով ու հիվանդություններով վարակված շուրջ 12000 հեկտար տարածքը քիչ համարելու համար պարզապես պետք է բնության թշնամի լինել:
- Ցավոք սրտի, այս տարին բարենպաստ էր վնասատուների և հիվանդությունների տարածման համար, և այսօր ունենք շուրջ 8300 հեկտար վնասատուներով և հիվանդություններով վարակված ու մոտավորապես 3600 հեկտար հիվանդություններով վարակված տարածք,- տեղեկացրեց Մ. Մաթևոսյանը:
Ըստ նրա` այս տարվա աշնանը և 2012 թ. գարնանը անտառպաթոլոգիական հետազոտություններ պետք է իրականացվեն, և դրանց արդյունքների հիման վրա անհրաժեշտ կլինի երևի մոտ 20000 հեկտարի վրա իրականացնել ավիաքիմիական պայքար:
- Եթե չիրականացնենք, կարծում եմ` վնասները շատ ավելի մեծ կլինեն,- ասաց տնօրենը և խոստովանեց, որ նույնիսկ անհրաժեշտ աշխատանքների իրականացման դեպքում արդեն հնարավոր չի լինի խուսափել վնասներից, պարզապես դրանք փոքր կլինեն:
Մամուլի ակումբի հյուրի հավաստմամբ՝ այժմ ավիաքիմիական պայքարն անարդյունավետ կլինի, քանի որ վնասատուներն արդեն հարսնյակավորված են և մյուս տարի շարունակելու են վնասել անտառը: Իսկ այս տարի այդ աշխատանքներն ինչո՞ւ ժամանակին, մինչ վնասատուների հարսնյակավորվելը չեն իրականացվել: «Որովհետև եղանակային շատ արագ տարածում գտավ, շատ արագ տարածվեցին վնասատուները և հիվանդությունները` կապված շատ խոնավ գարնան և ամռան սկզբի հետ»,- պատճառաբանեց Մ. Մաթևոսյանը, ինչն առնվազն համոզիչ չէ: Եթե նույնիսկ հավատանք տնօրենի ասածին, թե դրանք մի քանի օրվա ընթացքում են տարածվել, միևնույն է, ավիաքիմիական պայքար պետք է ծավալվեր, որովհետև վնասատուները` ալրացողը, տերևակերը և այլն, դեռ հարսնյակավորված չէին, և նրանց դեմ պայքարը թեև 2011 թ. համար այլևս կանխարգելիչ նշանակություն չէր ունենա, բայց արդյունք կտար:
2010-ին և 2011-ին վնասատուների և հիվանդությունների դեմ չպայքարելու իրական պատճառը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների խիստ անբավարար լինելն է, ինչի մասին այդ կազմակերպության ղեկավարը խուսափեց բացեիբաց ասել` հավանաբար չցանկանալով գյուղնախարարի ու վարչապետի հետ խնդիրներ ունենալ, անտառպահպանման ոլորտում կառավարության հանցավոր քաղաքականությունը երևակել և իր համար գլխացավանք ստեղծել: Այնուամենայնիվ, պատասխանելով «Հայանտառի» ֆինանսավորման վերաբերյալ մեր հարցին` Մ. Մաթևոսյանն ասաց.
- 2010, 2011 թվականներին բյուջեի կողմից ֆինանսավորվում է «Հայանտառի» պահպանության ծախսերի 80%-ը, այսինքն` աշխատավարձի 80%-ը, անցած տարի անտառվերականգնման աշխատանքների համար տրամադրվել է 34 միլիոն դրամ, դրանից առաջ յուրաքանչյուր տարի բյուջեի կողմից ֆինանսավորվել է նաև անտառվերականգնման, անտառի խնամքի, տնկարկների խնամքի ամբողջ ծավալը` մոտ 350000000 դրամ: Ցավոք, այս տարի անտառվերականգնման աշխատանքների համար բյուջեից գումար չի նախատեսված, և այդ աշխատանքները պետք է իրականացնի «Հայանտառը» սեփական միջոցներով, այսինքն` փայտանյութի վաճառքով:
Որտեղի՞ց այդքան փայտանյութ, այսինքն` կառավարությունը «Հայանտառին» իր և անտառի թեկուզ նվազագույն կարիքները հոգալու համար դրդում է հնարավորինս շատ ծառ կտրե՞լ...
Պատասխանելով մեր հաջորդ հարցին` շարունակվո՞ւմ է սանիտարական հատումների անվան տակ միանգամայն առողջ ծառեր կտրելու պրակտիկան, նշված կազմակերպության ղեկավարն ասաց.
- Որ կարող են սանիտարական հատումների անվան տակ հատվել նաև առողջ ծառեր, ես չեմ բացառում, դա գալիս է նաև մեր անտառտնտեսությունների աշխատակիցների մասնագիտական ցածր մակարդակից, ցավոք սրտի, մենք այսօր անտառային կրթությամբ 7-8% աշխատակից ունենք:
Ըստ Մ. Մաթևոսյանի` այժմ «Հայանտառի» ենթակայության տակ շուրջ 277000 հա անտառածածկ տարածք կա: Այս թվերին հավատալը պարզապես շատ դժվար է:
Կառավարությունը «Հայանտառին» իր և անտառի թեկուզ նվազագույն կարիքները հոգալու համար դրդում է հնարավորինս շատ ծառ կտրե՞լ...
Օգոստոս 04, 2011 at 10:44
