Բնությունը պահպանելու փոխարեն շենք են վերանորոգել, ուղեգորգեր գնել

Բնությունը պահպանելու փոխարեն շենք են վերանորոգել, ուղեգորգեր գնել

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Հայաստանի տարածքում ստորերկրյա քաղցրահամ ջրերի և խորքային հորերի գույքագրման, դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը դեռևս 2003 թ. նոյեմբերի 21-ին առանձին որոշում է կայացրել: Բայց աշխատանքները մինչ 2009 թվականն էլ դեռ ավարտված չեն եղել: Այդ տարի իրականացվել է ծրագրի ավարտական փուլը, որը ներառել է Սյունիքի, Վայոց ձորի, Lոռու մարզերը և Երևան քաղաքը: ՀՀ պետական բյուջեով մոտ 43 մլն դրամի ծրագրային ծախս է նախատեսվել: Սակայն պետական պատվերը կատարող և գույքագրման աշխատանքներն իրականացնող «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ն նախատեսված 946-ի փոխարեն գույքագրել է ընդամենը 555 խորքային հոր:

Ըստ ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ)` խորքային հորերից 391-ը չգույքագրելը պայմանավորված է դրանք շահագործող առանձին ձեռնարկությունների սեփականատերերի կողմից գույքագրման աշխատանքները խոչընդոտելու հանգամանքով, որի վերացմանը ՀՀ բնապահպանության նախարարությունը գործնական աջակցություն չի ցուցաբերել: Իսկ հետաքրքիր է` ինչո՞վ է զբաղված եղել բնապահպանության նախարարությունը: Ընթերցողը կարող է մտածել` գուցե դրա համար ժամանակ չի՞ ունեցել, ավելի կարևոր գործերո՞վ է զբաղվել` ասենք, մեր բնությունն անմիջականորեն սպառնացող վտանգից փրկելով: Ով ով, բայց ես, որ ճանաչում եմ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, այսպես չէի կարող մտածել ու չսխալվեցի: Ծանոթանանք ՎՊ-ի հերթական բացահայտմանը, որն ինչ-որ չափով լույս է սփռում, թե ինչով է զբաղված եղել բնապահպանության նախարարությունը:

Գոյություն ունի «Բնապահպանական նպատակային ֆոնդ»: ՀՀ կառավարության 23.06.2005 թ. թիվ 897-Ն որոշման համաձայն` նշված ֆոնդը ձևավորվում է բնապահպանության բնագավառում ծրագրերի և միջոցառումների կատարման համար միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր մուծումների, նվիրատվությունների և հանգանակությունների հաշվին: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ նպատակային ֆոնդի մնացորդը կազմել է 51021100 դրամ: ՎՊ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանձին դեպքերում թույլ են տրվել արտաբյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսեր: Մասնավորապես` 2009-2010 թթ. այդ միջոցների հաշվին իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության շենքի (հարկաբաժնի) վերանորոգման աշխատանքներ, վճարվել է վերանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների դիմաց, կատարվել է ուղեգորգերի և այլ ապրանքների գնում` ընդհանուր առմամբ` ավելի քան 3,5 մլն դրամով:

Հասկանալի է, վերանորոգման աշխատանքները, նշված ծառայությունների ձեռքբերումը կամ ուղեգորգերի գնումը, որքան էլ ցանկանաս, բնապահպանության բնագավառում ծրագրերի և միջոցառումների կատարում հնարավոր չէ համարել, այդ ծրագրերի ու միջոցառումների մեջ հնարավոր չէ խցկել: Այսպիսով ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, համապատասխան պաշտոնյաները կոպտորեն չարաշահել են միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների, մեր պետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական, ֆիզիկական անձանց վստահությունը: Դրանից հետո նրանք այլևս գումար կհատկացնե՞ն, կամ նրանցից քանի՞սը գումար կհատկացնեն մեր երկրի «Բնապահպանական նպատակային ֆոնդին»: Պատճառված վնասը պետք է գնահատել ոչ միայն բնապահպանության բնագավառում ծրագրերի և միջոցառումների կատարումից խլված և բոլորովին այլ նպատակներով ծախսված մի քանի միլիոն դրամի չափով, այլև հատկապես արտաքին աջակիցների, նվիրատուների վստահությունը սասանելու, նրանց կողմից հիշյալ հիմնադրամին հատկացումները լուրջ հարցականի տակ դնելու առումով: Կարծում ենք` քանի դեռ ՀՀ բնապահպանության նախարարն Արամ Հարությունյանն է, ՀՀ բնապահպանության նախարարության այսօրինակ խայտառակ գործելակերպը բացառված չէ:

Վերահսկողություն իրականացնելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատանքների արդյունավետության նկատմամբ` ՎՊ-ն արձանագրել է, որ տեսչության կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել վտանգավոր նյութերի, արտադրական և այլ թափոնների առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման ու հեռացման խնդիրների վերացման ուղղությամբ: 2009 թ. իրականացված ստուգումներով հայտնաբերվել է թափոններին վերաբերող 22 խախտում` նախորդ տարում հայտնաբերված 35-ի դիմաց, մինչդեռ հանրապետությունում, ՎՊ-ի հավաստմամբ, արձանագրվել է թափոնների վնասակար ազդեցության մակարդակի աճ: Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ թափոնների ոչնչացման և վերամշակման համար հանրապետությունում լիցենզիա է ստացել ընդամենը 5 կազմակերպություն, իսկ դրանց տեղափոխման համար լիցենզավորված կազմակերպություն ընդհանրապես չկա: Մեկ այլ խնդիր է, որ հիշյալ տեսչության կողմից բավարար արդյունավետությամբ չեն իրականացվել ստուգվող օբյեկտների ընտրության հարցերը, որոնք պետք է ուղղորդվեին և այսուհետ էլ պետք է ուղղորդվեն տնտեսավարող սուբյեկտների գործունեությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի գնահատմամբ: Պատահական չէ, որ վերոնշյալ` եթե չասենք միտումնավոր, ապա սխալ քաղաքականության հետևանքով ստուգմամբ ընդգրկված օբյեկտների շուրջ 50%-ում խախտումներ չեն հայտնաբերվել, այլ կերպ ասած` տեսուչները չեն մտել այնտեղ, որտեղ խախտումներ կհայտնաբերեին: Ինչո՞ւ... Հարց` մտորելու համար:

Յուրաքանչյուր տարվա համար ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատվել են տեսչության աշխատանքային ծրագրերը, որոնցում, սակայն, ստուգումների քանակի և ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ ծրագրային տվյալներ չեն արտացոլվել: ՎՊ-ի հավաստմամբ` «Փաստորեն, նախարարության կողմից չեն ապահովվել ստուգումների կատարման թափանցիկությունը և հրապարակայնությունը, որը հնարավորություն է տվել տեսչությանը ազատ ընտրելու ստուգվող օբյեկտը և սահմանելու աշխատակիցների ծանրաբեռնվածությունը»:

Համաձայն ներկայացված տեղեկատվության` տեսչությունը բնապահպանության ոլորտում 2009 թ. արձանագրել է 878 խախտում, տեսչության և տարածքային բաժինների կողմից նշանակված վարչական տուգանքների և վնասի հատուցման կազմված արձանագրությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 120477600 դրամ կամ ծրագրված ցուցանիշից 8,5%-ով ավելի: Սակայն չնայած 2010 թ. արձանագրված խախտումների քանակն ավելացել ու հասել է 945-ի, ապահովվել են ընդամենը 96821300 դրամի բյուջետային մուտքեր, այսինքն` ավելի քան 23 մլն դրամով պակաս, ինչը, այնուհանդերձ, գերազանցել է տվյալ տարվա համար ծրագրված ցուցանիշը 29,1%-ով: Բացահայտելով այս հնարքի «գաղտնիքը» կամ պարզունակ խորամանկությունը` ՎՊ-ն արձանագրել է. «Ըստ էության, 2010 թ.` նախորդ տարվա ընթացքում, փաստացի մուտքերն անտեսելով, ծրագրվել է ցածր ցուցանիշ, որով ապահովվել է նման բարձր կատարողական, որը վկայում է ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրման ոչ բավարար մակարդակի մասին»:

Թեև ՎՊ-ն խնդիրներ է տեսել նաև բնապահպանական պետական տեսչության աշխատանքների թափանցիկության ու հրապարակայնության հարցում, ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել է գործնական քայլեր կատարել դրանք ապահովելու ուղղությամբ, սակայն այն, ինչ ՎՊ-ն բացահայտել է հիշյալ տեսչության աշխատանքների արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելով, կարելի է ասել` գրեթե ոչինչ է նրա համեմատ, ինչ պետք է հայտնաբերեր:

Նույնիսկ այն տպավորությունն է առաջանում, թե ՀՀ Վերահսկիչ պալատը կատարել է ձևական ստուգում` արձանագրելով սոսկ որոշ թերացումներ, իսկ առավել էական թերացումների, հանցավոր անգործության և խախտումների մասին լռել է: Մասնավորապես` մեկ նախադասությամբ, բառով անգամ գնահատական չի տրված կամ որևէ անդրադարձ չկա Սևանա լճի սիգի ձկնագողերի դեմ տեսչության չափազանց անբավարար, ձևական պայքարին, ինչի հետևանքով է նաև, որ Սևանա լճում ոչնչացվեցին այդ ձկնատեսակի արդյունագործական պաշարները:

Նոյեմբեր 23, 2011 at 18:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր