Բնապահպանության նախարարությունը մտադիր է թերի օրինագիծն ամեն կերպ անցկացնել նույնիսկ օրենքի խախտմա՞մբ

Բնապահպանության նախարարությունը մտադիր է թերի օրինագիծն ամեն կերպ անցկացնել նույնիսկ օրենքի խախտմա՞մբ

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ԱԺ արտահերթ նիստի օրակարգից չի հանվելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Փոփոխությունները  վերաբերում են գործարար միջավայրի բարելավմանը»,- մասնավորապես ասել է նախարար Հարությունյանը եւ հավաստիացրել, որ  ստացված խելամիտ առաջարկությունները կքննարկվեն: «Ես երաշխավորում եմ, որ բոլոր հիմնավոր առաջարկությունները կընդունվեն եւ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում այդ փոփոխությունները կիրականացվեն»,- ասել է նախարարը:

Այս օրինագիծը ԱԺ-ի նիստից հանելու պահանջով նոյեմբերի 28-ի առավոտյան ՀՀ ԱԺ-ի դիմաց բնապահպանները բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը գերազանցել է իր իրավասությունները եւ կատարել է մեկ այլ նախարարության գործառույթ: Իր կանոնադրության համաձայն` Բնապահպանության նախարարության հիմնական անելիքը պետք է լինի ՀՀ բնության պահպանությունը, ՀՀ շրջակա միջավայրին համապատախան միջավայր ստեղծելու քաղաքականության մշակումն ու այդ քաղաքականության իրականացումը: Այնինչ իրենք շահագրգռված են բիզնեսի զարգացմամբ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Դալմա Սոնա» հիմնադրամի նախագահ, իրավաբան Ռուզան Ղազարյանը: Նա նաեւ նշեց, որ պահպանված չէ օրինագծի քննարկման ընթացակարգը:  ՀՀ բնապահպանության նախարարության կայքի Օրենսդրություն բաժնի «Շահագրգիռ կողմերին ներկայացվող իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում տեղադրված   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեպքում բացակայում է եւ օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը, եւ տեղեկանքը, եւ հավելվածը, մի խոսքով օրինագծի ամբողջական փաթեթը:

«Հիմա ինչ, ուզում եք ասել, որ եթե մարդիկ ու կազմակերպություններ տան իրենց դիտողություններն ու առաջարկությունները, դրանց համար նախարարությունը պետք է առանձին ԱՄՓՈՓԱԹԵ՞ՐԹ կազմի ու ուղարկի՞ Ազգային Ժողով:

Բայց, չէ որ դա կլինի, հերթական անգամ,  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի և ՀՀ Նախագահի 2007-ի 18-ի ՆՀ-174-ն հրամանագրով հաստատված Կարգի`39, 46,49,52 և 65 կետերի  պահանջների խախտում», ասաց Ռ. Ղազարյանը:

Նոյեմբեր 28, 2011 at 19:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր