

Panorama.am
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մի լավ բարկացավ: Օրինագծի վերաբերյալ պատգամավորի ելույթի ժամանակ օրինագիծը ներկայացնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դահլիճում չէր:
«Էս ի՞նչ բան է, նման անհարգալից վերաբերմունք Ազգային ժողովի հանդե՞պ, ի՞նչ է նշանակում սա, որտե՞ղ է կառավարության ներկայացուցիչը»,-ԱԺ ամբիոնից բարկացած բացականչում էր Արմեն Մարտիրոսյանը: ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը փորձեց հանդարտեցնել Մարտիրոսյանի կրքերը և հորդորեց նրան խոսել, ներկայացնել օրինագծի մասին իր տեսակետը: Սակայն «Ժառանգության» պատգամավորը տարակուսած հարցրեց. «Իսկ ո՞ւմ պետք է դիմեմ, ո՞ւմ ասեմ, եթե կառավարության ներկայացուցիչն այստեղ չէ»:
Հետևեց Նիկոյանի պատասխանը. «Խոսափողին, ձեր գործընկերներին, նրանք լսում են ձեզ»: Դահլիճում ներկաների ծիծաղից հետո Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Վարդան Այվազյանի (նա էր դահլիճում նստաց-թղթ.) պարտականությունները վաղուց դադարել են, և նա այլևս բնապահպանության նախարար չէ»:
Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը նախկինում եղել է բնապահպանության նախարարը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները դեմ են օրինագծին` համարելով, որ այն հակասում է միջազգային շատ կոնվենցիաների: «Սա կարելի է անվանել ոչ թե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության մասին օրենք, այլ` գործարար միջավայրի բարելավման նախագիծ: Արագ բերել են այստեղ, որպեսզի մենք շինթույլտվությունները հեշտորեն տանք», -իր հերթին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանը դահլիճ եկավ միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ելույթներից հետո:
Բնապահպանության նախարարին դուր է գալիս խնդրահարույց օրինագիծը
Tert.am
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր զեկույցում կարծիք հայտնեց, որ էկոլոգիական ռազմավարության տեսանկյունից Հայաստանը խնդիրներ ունի` մի կողմից պետք է տնտեսությունը զարգացնել, մյուս կողմից` նվազագույնի հասցնել բնությանը հասցվող վնասները:
«Ես այսօր այդ հարցով մտահոգված հասարակական կազմակերպություններին հայտնել եմ, հիմա էլ հայտնում եմ իմ պատրաստակամությունը. եթե կլինեն հիմնավորված առաջարկություններ հասարակական կազմակերպությունների, անհատների, պատգամավորների կողմից, մենք պատրաստ ենք փոփոխություններ կատարել այդ օրենքում, մանավանդ, որ սա վերջին ընթերցումը չէ: Մենք պատրաստ ենք լսելու և քննարկելու ձեր առաջարկությունները ձեր իսկ առաջարկած ռեժիմով, մենք չենք խուսափում աշխատելուց և համագործակցելուց»,- ասաց բնապահպանության նախարարը:
Նրա խոսքով` ներկայումս օրինագիծը լավ տեսք ունի, և ապահովում է թե պետության, թե տնտեսվարողի շահերը` ապահովելով լավ գործարար միջավայր:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը փորձ է անում համոզել, թե իբր այս օրենքի նախագիծը անցել է լուրջ քննարկման միջով, իրականում այն առաջացրել է բնապահպանական հասարակական կազմակերպությունների լուրջ մտահոգությունը, ավելին` այն արժանացել է նաև միջազգային կառույցների քննադատությանը:
««Ժառանգություն» խմբակցության և բնապահպանական կառույցների անունից հորդորում եմ բնապահպանության նախարարին, որ նա դիմի ԱԺ նախագահությանը` առաջին ընթերցմամբ այս օրենքը չընդունելու նպատակով, և առաջարկություններ անելուց հետո, իրականացնել խորհրդարանական լսումներ, քննարկումներ և ի վերջո կատարել այնպիսի փոփոխություններ, որ ընդունվի բոլորի համար ընդունելի օրենք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով` այս օրենքը ԱԺ է մտել լուրջ խախտումներով, այդ պատճառով էլ «Ժառանգություն»-ն առաջարկում է հետ կանչել այն:
Նոյեմբեր 29, 2011 at 15:00
