Բնությունը պահպանող ազգերը չեն վերանա

Բնությունը պահպանող ազգերը չեն վերանա

Ա1+

Հայաստանում Կանաչ տնտեսության զարգացմանը նվիրված հայ-գերմանական խորհրդաժողովի կազմակերպիչը, գերմանական GTZ ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Մակբեթը հույս ունի, որ Հայաստանի իշխանություններին կօգնի հասկանալ, որ կանաչ տնտեսությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ շահավետ։

«Գերմանիայում 1,8 միլիոն մարդ զբաղված է կանաչ տնտեսության ոլորտում։ Դա գերմանական տնտեսությանը տարեկան 8 մլրդ եվրոյի օգուտ է բերում։ Բնության պահպանությանն ուղղված գործունեությունը չի հակասում տնտեսական զարգացման տրամաբանությանը, հակառակը՝ բնության վերականգնման համար պետությունները միշտ ստիպված են լինում հսկայական գումարներ ծախսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Մակբեթը։

Ի դեպ, Ջեյմս Մակբեթը ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ միասին, խորհրդաժողովին ներկայացան հեծանիվով։

«Սա խորհրդանշական ժեստ է։ Բեռլինում ես հաճախ եմ հեծանիվ օգտագործում։ Դա առողջարար է թե սեփական մարմնի, թե սեփական քաղաքի համար։ Այստեղ դա դեռ այնքան էլ հեշտ չէ։ Ավտոմոբիլիստները սովոր չեն իրենց կողքին հեծանվորդների տեսնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դեսպան Շմիդթը։ Նրա բարեկամ, հանրահայտ նկարիչ Նուռը առաջարկել է հեծանվով մեկնել Սեւան, սակայն դեսպանը հրաժարվել է։ «Արագընթաց մեծ ջիփերի կողքին հեծանիվ վարելը վտանգավոր է»,- ասում է դեսպանը։

Հիշելով Թռչկանի եւ Թեղուտի օրինակները, գերմանացի հյուրերը նկատեցին նաեւ, որ Հայաստանի կառավարությունը դանդաղ, բայց առաջ է շարժվում կանաչ տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ:

«Հիմա ընտրություն է գնում, թե ո՞ր ազգերը պիտի վերանան եւ որ ազգերը պիտի մնան։ Բարոյական նկարագիր ունեցող, բնությունը պաշտող ազգերը պիտի մնան», - իր հերթին նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Համաժողովի եկան հեծանիվներով

Անուշ Խեչոյան, Առավոտ

Այսօր «Կանաչ տնտեսություն» անունը կրող հայ-գերմանական համաժողովի ավելի քան 200 մասնակից,  համաժողովի անցկացման վայր՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց եկան հեծանիվներով: «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության ղեկավար Ջեյմս Մաքբեթը համաժողովի բացման ժամանակ հայտնեց, որ հեծանվարշավի նպատակը իրենց անկեղծ նվիրվածության ցուցադրումն է Հայաստանի բնապահպանական խնդիրներին. «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության ջանքերը մեծ են բնապահպանության ոլորտում, սակայն քաղաքացիական հասարակությունը միայնակ խնդիրներ լուծել չի կարող: Կարեւոր է նաեւ մասնավոր եւ կառավարող հատվածի ներգրավվածությունը խնդրի մեջ»:

Այս համաժողովի նպատակն էր մեր մասնագետներին սովորեցնել, թե ինչպես պետք է տնտեսական արդյունավետ գործունեությունը վարել, որ վնաս չհասցվի շրջակա միջավայրին: Չնայած դրան, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը  Aravot.am-ին ասաց, որ մեր երկրում դրա փայլուն օրինակները արդեն կան՝ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու ծրագրի տապալումը, լեռնահանքարդյունաբերության մեջ կատարվող ներդրումները եւ այլն. «Ես կարծում եմ, որ Թռչկանի նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ քաղաքացիական նախաձեռնությամբ արգելվեց այնտեղ  ՀԷԿ-ի կառուցումը, որովհետեւ այն վնաս էր հասցնելու շրջակա միջավայրին: Ես համարում եմ դա լավ օրինակ, քանի որ ձեր կառավարությունը արձագանքեց բնապահպանների բողոքի ակցիաներին»: Նրա խոսքերով, լավ է նաեւ այն, որ ՀՀ կառավարությունը պլաններ ունի մշակել հատուկ ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու. «Շատ բարդ է, շրջակա միջավայրը պահպանելու գնով հասնել տնտեսության զարգացմանը, բայց անհրաժեշտ է: Գերմանիայում մեր կառավարությունը շրջակա միջավայրը պաշտպանելու համար առաջին հերթին բարձրացրեց տուգանքների շեմը, որը պետք է մուծվեր, եթե ինչ որ տեղ վնաս էր հասցվել շրջակա միջավայրին»: Ըստ նրա, մասնավոր սեկտորը պետք է մեծ ներդրումներ անի, որպեսզի գյուղատնտեսությանը եւ օդի մաքրությանը  հասցված վնասի հետեւանքները վերականգնվեն: Նա ասաց, որ արդեն կա նաեւ Վանաձորում աղբի վերամշակման ծրագիր, որը պիլոտային ծրագիր է դեռեւս:

Դեկտեմբեր 07, 2011 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր