

ԷկոԼուր
Դեկտեմբերի 12-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել է «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը: Մամուլի ասուլիսի վերաբերյալ որոշ հրապարակումներում հայտնաբերելով անճշտություններ` Հասմիկ Ասլանյանը «ԷկոԼուր»-ին ուղարկեց նամակ, որտեղ ներկայացված է նրա դիրքորոշումը: Նամակում ասված է. ««Շողեր միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ասլանյանը Երևանի Օրհուսի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում չի հայտարարել, որ քանդվել են բնակելի շենքեր և տանիքից զրկվել են 171 ընտանիք կամ 506 մարդ: Այլ ասվել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի գործարկման ծրագրում նախատեսված է օդանավակայանի տարածքում գտնվող չորս բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցում` 171 ընտանիք, 506 մարդ : Գործարկվել է օդանավակայանի նոր տերմինալը, բայց բնակիչների վերաբնակեցման համար նոր շենքերը չեն կառուցվել: Ըստ վերաբնակեցման պլանի` նոր շենքերը «Արմենիա» միջազգային օդանավակայնի կողմից պետք է կառուցվեին մինչև 2011թ, բնակիչների վերաբնակեցումը ավարտվեր 2012թ.փետրվարին: Սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այն չի իրականացվել:
Այդ շենքերը չեն գտնվում նոր տերմինալի տարածքում, այլ գտվում են անմիջական հարևանությամբ:
Հայտարարվել է, որ նոր շենքերի կառուցումից հետո միայն պետք է կատարվի վերաբնակեցում: Իսկ շենքերի կառուցումը նախատեսվում է ավարտել 2014թ.:
Ասուլիսի մասնակից լրագրողներին բաժանվել է հրատարակված նյութեր` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի գործարկման ծրագրում բնակիչների վերաբնակեցման և վերաբնակիչների սոցիալ-տնտեսական գենդերային հետազոտության վերաբերյալ: Այդ նյութերում հստակորեն ներկայացված են վերաբնակեցման պայմանները` մասնավորապես. «բնակիչներն անմիջապես իրենց հին բնակարաններից կտեղափոխվեն նոր բնակավայրեր` բնակեցվող շենքերի պատրաստ լինելու դեպքում»:
Հետագայում նույնպես սխալ ձևով նշվում է քանդված շենքեր արտահայտությունը:
«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի գործարկման ծրագրի վերաբնակեցման հարցերը ներակայացվել են միայն Հասմիկ Ասլանյանի կողմից, ոչ թե տիկին Ադամյանի:
Ասուլիսին տիկին Ս. Ադամյանը ներկայացրել է ԱԶԲ-ի ֆինանսավորման «Հյուսիս – հարավ» մայրուղու կառուցման ծրագիրը, որտեղ և քանդման աշխատանքների մասին է խոսվել:
Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներին տպագրել այս հերքումը և համապատասխան հետևություններ անել:
«Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ` Հասմիկ Ասլանյան»:
Հունվար 09, 2012 at 10:57
