

ԷկոԼուր
ՀՀ կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լիազորություններ վերապահելու որոշման նախագիծը: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների եւ «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի հետ կկնքի Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Տարոն Մարգարյանի` կառավարությանը ներկայացված փաստաթղթի համաձայն` վերոնշյալ ընկերությունների հետ պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի այդ փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Ծրագիրը նախատեսում է մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Փ.Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանապակվող տարածքում վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն ստեղծել կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Պայմանագրերը ուժի մեջ կմտնեն վերոնշյալ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Նշենք, որ Արամի, Փ.Բուզանդի, Եզ.Կողբացու փողոցներում պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվել էր դեռեւս ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 168-Ն և 20.11.2008թ. հ. 1405-Ն որոշումներով: Սակայն մինչ օրս «Ի ԷՄ ՍԻ», «Գլենդել Հիլզ» եւ «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ընկերությունները «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ սահմանված ժամկետում նշված տարածքներում որոշ սեփականատերերի չեն ուղարկել օտարման պայմանագրերի նախագծեր, ոմանց հետ չեն կնքել պայմանագրեր: Այդ պատճառով ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 168-Ն և 20.11.2008թ. թիվ 1405-Ն որոշումները տվյալ սեփականությունների մասով համարվել են անվավեր:
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լիազորություններ վերապահելու մասին» կառավարության որոշման նախագծի 3-րդ կետի համաձայն` Մաշտոցի այգում տեղադրված տաղավարները կպամոնտաժվեն 3 տարվա ընթացքում:
Մարտ 14, 2012 at 13:38
