

ԷկոԼուր
Ակտիվիստները իրավունք ունեն մեկ վրան խփել Մաշտոցի այգում: Նման եզրակացություն է արել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հայտարարության մեջ: « Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է:
Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ, որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:
Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման' պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:
Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, որտեղ ամրագրված է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը:
Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը»,- ասված է Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ:
Իր հերթին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը Մաշտոցի այգում ոստիկանության գործողությունները որակեց, որպես հակասահմանադրական: Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ գրված է. « Սույն թվականի մարտի 14-ին, երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ, մթության քողի ներքո, ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող և միևնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցներիս հանդեպ` շրջափակելով վրանի տարածքը, քանդեցին և պատռեցին այն և բռնություն գործադրելու միջոցով` վրանում գտնվող ակցիայի մասնակիցներիցս մեկի նկատմամբ, առգրավվեց վրանը և վրանի մեջ գտնվող բոլոր իրերը` քնապարկերն ու ծածկոցները, հագուստ, ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը և բաճկոնը: Ոստիկանական անօրինական, բիրտ և պատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես և հանկարծակի՝ առանց նախազգուշացման:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին ուներ նաև հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգսություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանեցին, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»:
Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3 արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գորգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գորգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:
Չէ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրող գործողությունների: Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը:
Մենք վրանը տեղադրել ենք 13,03,2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀ Սահմանադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ: Սակայն, ինչպես տեսնում ենք հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու:
Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում` հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել և տեղադրվել են բուտիկներ:
Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսում սառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում: Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաև հրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:
Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերի, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքի մասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնության գործադրմամբ գործողությունից:
Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին: Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին անգամ վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուները:
Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական և սուբյեկտիվ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բռնության մասին լուրին արձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշել են, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը և պատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.
Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:
Դիմում և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողությունները ղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց»:
Մարտ 15, 2012 at 13:36
