Հանքարդյունաբերության համար անտառածածկ տարածքը ներկայացվել է որպես անտառազուրկ

Հանքարդյունաբերության համար անտառածածկ տարածքը ներկայացվել է որպես անտառազուրկ

ԷկոԼուր

Մայիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով Լոռու մարզի Քարինջ գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի այլ հողերից 1.15 հա հողատարածքի կատեգորիան կիջեցվի` Զկռուտի դոլերիտային բազալտների հանքավայրի շահագործման նպատակով: Որոշման նախագծում նշված է, որ տարածքն անտառազուրկ է, մինչդեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պնդում է, որ այդ 1,15 հա տարածքն անտառածածկ է: «Քարինջի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի 1,15 հա տարածքը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության 2-րդ քառակուսու թիվ 38 անտառամասի բաղկացուցիչ մասն է ու հանդիսանում է 5-րդ բոնիտետի 0.3 լրիվության անտառ` պատված տարբեր տեսակի ծառաթփատեսակներով, այլ ոչ թե «ոչ անտառածածկ տարածք», ինչպես նշվում է ներկայացված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում: Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Քարինջի գյուղական համայնքի 1.15 հեկտար անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոփոխությունը գտնում է ոչ նպատակահարմար»: Գյուղատնտեսության նախարարության այս դիրքորոշումը գրված է որոշման նախագծի ամփոփաթերթում:

Որոշման նախագիծը պատրաստել են ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները: Ըստ նախագծի` հանքավայրի շահագործմամբ կստեղծվի 8-10 աշխատատեղ:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, Լոռու մարզի Քարինջ գյուղն ունի 622 բնակիչ:

Մայիս 30, 2012 at 19:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր