Մեծամոր քաղաքի հարեւանությամբ գտնվող այգեգործական ընկերության տարածքում խիստ հակասանիտարական վիճակ է, հաստատում է Առողջապահության նախարարությունը

Մեծամոր քաղաքի հարեւանությամբ գտնվող այգեգործական ընկերության տարածքում խիստ հակասանիտարական վիճակ է, հաստատում է Առողջապահության նախարարությունը

ԷկոԼուր

ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերահսկում է Մեծամոր քաղաքի հարեւանությամբ գտնվող Այգեգործական ընկերության տարածքի սանիտարական վիճակը, որը հեղեղի արդյունքում լցվել  էր աղբով:  «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում (14.07.2012թ., ՍՔ/6872-12) նախարարությունը հաստատում է, որ Այգեգործական ընկերությանը պատկանող տարածքներում ստեղծվել է «խիստ հակասանիտարական վիճակ»:  

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ի հարցումն այն մասին էր, թե ինչ գործողություններ է ձեռնարկել նախարարությունը` կապված Այգեգործական ընկերության տարածքի ջրամատակարարման համակարգի վթարային վիճակի հետ, եւ որ  նախարարությունն օպերատիվ կերպով արձագանքի աղետալի վիճակին, որը ստեղծվել էր տարածքի` սելավի բերած աղբով լցվելուց հետո:

«ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արամոս համայնքի սելավատարի խցանման պատճառով 2012 թվականի հունիսի 10-ին սելավաջուրը դուրս է եկել սելավատարի հունից եւ տարերայնորեն հոսել է դեպի ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հարեւանությամբ գտնվող այգեգործական ընկերության տարածք: Մինչեւ ընկերության տարածք հասնելը սելավաջուրը հոսել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբավայրով եւ իր հետ դեպի նշված տարածք տեղափոխել աղբավայրում գտնվող աղբի մի մասը: Արդյունքում սելավաջուրը, լցվելով այգեգործական ընկերությանը պատկանող, հարակից եւ ընկերության կողմից ոռոգման նպատակով օգտագործվող ջրի խորքային հորի (որը շարժիչի անսարք լինելու պատճառով չէր գործում) տարածքները, ստեղծել է խիստ հակասանիտարական վիճակ: Ոսումնասիրվել է նաեւ այգեգործական ընկերության ջրամատակարարման համակարգը եւ պարզվել, որ ընկերությունը խմելու ջուր է ստանում «Նոր Ակունք» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող Մեծամոր քաղաքի ջրամատակարարման համակարգից: Ուսումնասիրության արդյունքում այգեգործական ընկերության ջրամատակարարման ցանցում վթարներ չեն հայտնաբերվել: Լաբորատոր հետազոտությունների համար կատարվել է խմելու ջրի նմուշառում, նմուշների հետազոտության արդյունքում սանիտարական կանոնների  եւ նորմերի պահանջների խախտումներ չեն արձանագրվել: Իրականացվել են նաեւ շարունակական բնույթ կրող բակային համայցեր, այգեգործական ընկերությունում ապրող բնակիչների մոտ հիվանդություններ հայտնաբերելու նպատակով. հիվանդներ չեն հայտնաբերվել:

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումը եւ տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ Արմավիրի մարզպետին եւ առաջարկել է միջոցառումներ ձեռնարկել Մեծամոր քաղաքի հարեւանությամբ գտնվող այգեգործական ընկերության եւ հարակից տարածքների պատշաճ սանիտարական վիճակը ապահովելու համար»,- ասված է Առողջապահության նախարարության նամակում:

Հուլիս 19, 2012 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր