

ԷկոԼուր
Հուլիսի 15-ին Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրված ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առնչությամբ ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական տարածքի մակերևութային ջրերում հայտնաբերել և արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ:
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 և 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը կտեղեկացնի լրացուցիչ»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Դալարի ջրանցքում ձկների սատկման եւ այդ ջրով ցանքատարածությունները ոռոգելու արդյունքում բերքի փչանալու մեջ դալարցիները մեղադրում են «Արտաշի» գինու գործարանին: Նրանց կարծիքով` գործարանը ծիրանի մթերումը կատարելուց հետո քիմիական նյութերով լվացել է մթերման պարագաները, ինչից հետո էլ կեղտաջրերը բաց է թողել ջրանցք:
Լուսանկարը վերցված է www.shamshyan.com կայքից
Հուլիս 16, 2013 at 17:14
