25 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 43 ապօրինի շահագործվող խորքային հոր

25 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 43 ապօրինի շահագործվող խորքային հոր

ԷկոԼուր 

Արարատի եւ Արմավիրի մարզերում 25 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 43 ապօրինի շահագործվող խորքային հոր: Այս մասին հոկտեմբերի 11-ին ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին վերջինիս մոտ անցկացված Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբերի արտահերթ խորհրդակցության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայտնաբերված բոլոր ապօրինի ջրօգտագործման դեպքերում կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: Բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ՝ մեկ ամսվա ընթացքում փականների միջոցով դադարեցնել ջրառը՝ հետագայում հորերը կոնսերվացնելու կամ փակելու համար:

Բնապահպանության նախարարը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում Արմավիրի և Արարատի մարզերում անցկացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով կոնսերվացման միջոցառումներ:

Աշխատանքային խումբը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հաստատման է ներկայացվել «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող խորքային հորերի /այդ թվում՝ ինքնաշատրվանող/ համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերջնական տարբերակը: Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալու համար շրջանառության մեջ է դրվել «Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Մշակման փուլում են ոլորտը կարգավորող օերնսդրական փոփոխությունների փաթեթում ներառված մի շարք այլ իրավական ակտերի նախագծեր:

Հոկտեմբեր 11, 2013 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր