

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարություն-ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ համագործակցության արդյունքում իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր: Այս փաստը արձանագրվել է հունվարի 23-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոյի` բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կատարված աշխատանքը բարձր գնահատելուց հետո Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն անդրադարձել են 2014թ. նախատեսվող ծրագրերի ընթացքին: Քննարկվել են կլիմայի փոփոխության, արոտավայրերի և անտառային էկոհամակարգերի խոցելիության նվազեցման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային կանաչ լուսավորության և շենքերի էներգաարդյունավետության, ինչպես նաև գլոբալ կոնվենցիաների շրջանակներում ազգային զեկույցների մշակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր սկսած 2005 թվականից:
Հունվար 23, 2014 at 16:50
