

ԷկոԼուր
Հայաստանում կմեկնարկի «Հողերի էրոզիայի ինտեգրված վերահսկողություն Հարավային Կովկասի լեռնային տարածքներում» ծրագիրը: Ծրագիրը մարտի 20-ին քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արագածոտնի, Շիրակի մարզպետարանների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագիրը նպատակ ունի համակարգված միջոցառումների միջոցով հաղթահարել հողերի էրոզիան եւ դեգրադացիան` պահպանելով կենսաբազմազանությունը: Նախատեսվում է Արագածոտնի եւ Շիրակի մարզերում ուսումնասիրել եւ գնահատել հողերի էրոզիականությունը եւ ռիսկերը, դրանց հիման վրա մշակված միջոցառումների ծրագրով նպաստել հողաշերտերի վերականգնմանը եւ արդյունավետ օգտագործմանը: Ծրագիրը ենթադրում է ոչ միայն տեխնիկական գործողությունների իրականացում, այլեւ իրավական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ եւ նոր տեխնիկական լուծումներ:
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորել է ծրագրի իրականացումը` ընդգծելով հատկապես դրա նշանակությունը բարձր լեռնային շրջաններում հողային պաշարների բարելավման եւ արդյունավետ կառավարման տեսանկյունից:
Ծրագիրը Հայաստանում նախատեսվում է իրականացնել 2014-2016 թթ-ին` GIZ/ADA եւ ՀՀ կառավարություն համագործակցությամբ:
Լուսանկարը` emanuelagjoyan.blogspot.com
Մարտ 21, 2014 at 16:11
