

ԷկոԼուր
Մայիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նախարարության կառուցվածքում ընդգրկված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդհարվել է «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանի հետ:
Այս մասին տեղեկացրեց «Իրավունք» թերթը՝ չնշելով ընդհարված աշխատակցի անունը։ «․․․նորաթուխ նախարարը չսահմանափակվեց եւ անցավ ավելի վիրավորական բառերի, ավելին իրեն վերապահեց դպրոցի դասատուի դերը եւ սկսեց դուրս հանել շխատակիցներին խորհրդակցությունից. «Արա դուրս արի ստեղից»: Դուրս եկողներին դրսում սպասում էին նախարարի թիկնապահները, որոնք հարձակվում էին բռունցնքերով ու հայհոյանքներով եւ սկսում էին հարվածել նախարարին դուր չեկած աշխատակիցներին:․․»,- մասնավորապես գրեց թերթը։
Սրան հետեւեց ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը միջադեպի առնչությամբ, որից էլ պարզ դարձավ, թե ում հետ է ընդհարվել նախարարը։
«Այսօր ‹‹Իրավունք›› պարբերականի կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, որում մեղմ ասած ապատեղեկատվություն է մատուցվել: ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ աշխատանքային քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել՝ կապված ՀՀ ԲՆ տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանի վարքագծի հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԲՆ կառուցվածքում ընդգրկված ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ` քննարկելու այդ կառույցների գործառույթների կատարման ընթացքը և հեռանկարային ծրագրերը: Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանը, ով այս պահին նաև համատեղում է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները, չի կարողացել պատասխանել իր ղեկավարած կառույցի աշխատանքների վերաբերյալ նախարարի հարցերին: Ինչը բացատրելի էր, քանի որ փոխտնօրենը, համատեղելով մի քանի աշխատանքներ, կանոնավոր չէր հաճախել աշխատանքի և ի վիճակի չէր պատշաճ ներկայացնելու աշխատանքները, տեղյակ չի եղել իր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ի խնդիրներից և գործունեությունից, ինչը, անշուշտ, չի գոհացրել նախարարին, ով բազմիցս ընդգծել էր, որ նախարարությունում չաշխատող և ոչ կոմպետենտ մարդիկ տեղ չունեն: Նախարարը դուրս է հրավիրել Գրիգորյանին՝ պահանջելով ՊՈԱԿ-ից հրավիրել իրազեկ աշխատակցի, ով կկարողանար ներկայացնել կառույցի գործունեությունը: Արտակ Գրիգորյանը դեռ նախարարի աշխատասենյակում սպառնացել է, որ ինքը մամուլի միջոցներով տարբեր նյութեր կհրապարակի նախարարի դեմ:
Արտակ Գրիգորյանը նմանատիպ հայտարարությունները շարունակել է անել նախարարի աշխատասենյակից դուրս գալուց հետո, միջանցքում, հայտարարելով՝«Ով ա սա, ես հլը ցույց կտամ, չգիտի ում հետ գործ ունի, գրելու եմ ձեր վրա»:
Տեղին է ավելացնել նաև, որ մի քանի ամիս առաջ Արտակ Գրիգորյանը չէր կարողացել հաղթահարել նույն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, նույնիսկ այն դեպքում, երբ միակ մասնակիցն է եղել: Իսկ ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աչքի էր ընկնում ոչ արդյունավետ և ոչ բավարար աշխատանքով: ՊՈԱԿ-ում իրականացվող գործառույթները հեռու էին կանոնադրական պահանջներից, անբավարար էր աշխատանքային կարգապահությունը:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ հիշատակված թիկնապահներին, ապա նշենք, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երբևէ որևէ պաշտոն զբաղեցնելիս թիկնապահներ չի ունեցել:
‹‹Իրավունք›› լրատվականի այս ստահոդ նյութը համարում ենք օրինաչափ, քանի որ Արտակ Գրիգորյանը հանդիսանում է այդ թերթի խմբագիրներից մեկը, և վերոհիշյալ հրապարակման մասին անազնիվ շահարկումներն արդեն իսկ հնչեցրել էր նախարարի աշխատասենյակում,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Իրավունքն արձագանքեց նախարարության տարածած հաղորդագրությանը՝ նշելով․ «Իրավունք» թերթն ունի ընդամենը մեկ գլխավոր խմբագիր` Հովհաննես Գալաջյանը եւ այլ խմբագիրներ, այդ թվում բնապահպանության նախարարության աշխատակիցներ «Իրավունք»-ը չունի»: Ինչպես նաեւ թերթը տեղեկացնում է․ «․․․մեր հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ տուժող անձը դիմել է ոստիկանություն եւ ստացել է դատաբաժշկական փորձաքննության ուղեգիր: Ի դեպ, այս հարցի մասին արդեն տեղեկացված են կառավարությունում»։
Մայիս 31, 2014 at 11:36
