Բնապահպանության նախարարությունը պարգեւատրեց ոլորտը լուսաբանող լրագրողներին

Բնապահպանության նախարարությունը պարգեւատրեց ոլորտը լուսաբանող լրագրողներին

ԷկոԼուր

Այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունը Հայաստանի բնության պետական թանգարանում  Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ պատվոգրեր հանձնեց ոլորտն ակտիվորեն լուսաբանած լրագրողներին: 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ, ընթերցեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը, որում ասված է. 

«Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այն հերթական հնարավորությունն է  հասարակության ուշադրությունը բևեռելու բնապահպանական խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Դարեր շարունակ մենք երազում ենք միասնական հզոր Հայաստանի մասին, բայց  այսօր կանգնած ենք ճակատագրով մեզ բաժին հասած հայրենի բնօրրանի այս փոքր մասի բնաշխարհը պահպանելու և արժանապատվորեն սերունդներին փոխանցելու խնդրի առաջ:   Այդ պատճառով շրջակա միջավայրի օրը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է լինի տարվա յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վեր հանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:

Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Բնապահպանությունը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և վերածվի Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:

Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այսօր մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու սուրբ գործի համար»:

Պարգեւատրվող լրագրողների թվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Գագիկ Աղբալյանը, ով իր խոսքում նշեց. «Ես` որպես լրագրող չեմ ցանկանում լուսաբանել, թե ինչպես են Սյունիքում երեխաները տառապում հանքարդյունաբերության հետևանքներից և մրցանակ ստանալ դրա համար: Ես չեմ ցանկանում գրել, թե ինչպես են Թեղուտի անտառները իրենց տեղը տալիս հանքարդյունաբերությանը և մրցանակ ստանալ դրա համար, և չեմ ցանկանում գրել նրա մասին, թե ինչպես է Արարատյան դաշտավայրի գյուղացին կորցնում իր ապրուստը ավազանի չորանալու պատճառով և մրցանակ ստանալ: Տա Աստված, որ կամքն առաջնային լինի, և բնապահպանության նախարարությունը կարողանա շրջանցել չգրված խաղի կանոնները, որպեսզի մենք հաջորդ մրցանակները ստանանք առանց երկմտելու»: 

ԷկոԼուրը, որը նույնպես բնապահպանության նախարարության կողմից ստացավ պատվոգիր, համաձայն է Գագիկ Աղբալյանի հետ և հույս  է հայտնում, որ բնապահպանության նախարարությունը և նախարար Արամայիս Գրիգորյանն առավելագույնս կնպաստեն մեր երկրում էկոլոգիական խնդիրների դրական լուծմանը և կուրախացնեն մեզ բնության պահպանությանն ուղղված իրենց ձեռքբերումներով:

Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարության

Հունիս 05, 2014 at 18:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր