968 միլիոն դրամ` փոխհատուցում «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրով նախատեսված հողերի օտարման համար

968 միլիոն դրամ` փոխհատուցում «Հյուսիս-հարավ»  ճանապարհային ծրագրով նախատեսված հողերի օտարման  համար

ԷկոԼուր

Հունիսի 12-ին գործադիրն ավելացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի բյուջեն: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման  համար գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է մոտ 968 միլիոն դրամ:

Նույն օրը Հյուսիս-հարավի վերաբերյալ կառավարությունն ընդունեց եւս մեկ որոշում, որով թույլատրվեց «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հունիսի 12-ը: Ընկերությունը բարձրորակ ցեմենտ է մատակարարում ճանապարհի շինարարության համար:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները՝ միանալով վրացական ճանապարհի ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք՝ Թբիլիսի: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը` 2009-2017թթ:  Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար: Այսինքն` հարկատուներին այդ շինարարությունը կարժենա մոտ 1 միլիարդ դոլլար:

Նշենք, որ Հյուսիս-հարավի ֆինանսավորման համար ՀՀ ֆինանսների նախարարությունը  հայտ է ներկայացրել նաեւ Եվրասիական զարգացման բանկին:

Հունիս 13, 2014 at 19:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր