

ԷկոԼուր
Հուլիսի 7-ին` տեղական ժամանակով ժամը 03.08-ին, Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարույունը:
Աղբյուրի համաձայն` երկրաշարժ գրանցվել է նաեւ հուլիսի 6-ին: «Տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած 3 մագնիտուդով (բալը` էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին 4.0 մագնիտուդով (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում… մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են: Հիշեցնենք, որ ոչ մեկը երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում անել չի կարող։
Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա»,- մասնավորապես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»-ը:
Հուլիս 07, 2014 at 13:25
