

ԷկոԼուր
Կառավարությունը նոր է պարզել, որ Արարատյան արտեզյան ավազանը աղտոտվում է: Այս կապակցությամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նվազեցնելու ստորերկրյա ջրի պաշարի աղտոտման օջախները, աննպատակ կորուստները: Որոշման հիմնավորման մեջ նշված է. «ՀՀ ստորերկրյա ջրային ռեսուրսների ավելի քան 50% կենտրոնացված է Արարատյան արտեզյան ավազանում և ունի կարևոր նշանակություն Արմավիրի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման համար:
Ներկայումս կատարվում է ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ, որոնք ուղեկցվում են ջրի որակական և քանական փոփոխություններով:
Հետագա սերունդների կայուն զարգացումը ապահովելու համար նշված երևույթների կանխումը համարվում է հրատապ անհրաժեշտություն:
Արարատի և Արմավիրի մարզերում ստորերկրյա ջրերը օգատգործվում են խմելու, կենցաղային, ոռոգման, ձկնաբուծական, արդյունաբերական և տնտեսական այլ նպատակներով՝ ինքնահոս եղանակով և պոմպերի օգնությամբ: Տասնյակ տարիների ընթացքում հորատվել են բազմաթիվ հորատանցքեր, որոնց մի մասը տեխնիկական կամ այլ պատճառներով չեն օգտագործվում: Միաժամանակ, հորատվել են մեծ տրամագծով և մեծաքանակ ջրառով բազմաթիվ օրինական և ապօրինի հորատանցքեր, որոնք 1990-ական թվականներին հորատված հորատանցքերի հետ միասին պայմանավորում են ստորերկրյա ջրերի մակարդակի և ծախսի իջեցումները:
Հորատանցքերը բնորոշվում են ճնշումային ջրերի դրական (շատրվանող) և բացասական մակարդակներով: Բացասական մակարդակով հորատանցերի մեծ մասը ապօրինի կերպով օգտագործվում են պոմպերի օգնությամբ: Չօգտագործվող ջրերի բացասական մակարդակով հորատանցքերը լցվում են տարատեսակ պինդ և հեղուկ թափոններով և աղտոտում ջրատար հորիզոնները (ջրատար ապարները և ջրերը): Արդյունքնում բարձրանում են ջրերի ընդհանուր հանքայնացումը, կոշտությունը, աղտոտող և թունավոր բաղադրիչների պարունակությունը, որի հետևանքով ջրերը դառնում են ոչ պիտանի խմելու կամ տնտեսական այլ նպատակներով օգտագործելու համար: Ստորերկրյա ջրերի աղտոտումը իրենից ներկայացնում է ավելի մեծ վտանգ, քան դրանց սպառումը: Աղտոտված ջրատար ապարները չեն մաքրվում տասնյակ տարիների ընթացքում, որի պատճառով աղտոտված են մնում նաև ջրերը:
2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել են 19 և կոնսերվացվել` 26 հորատանցքեր, որի իրականացման ընդհանուր ծախսերը կազմել են 38087.3 հազար դրամ»:
Հարց է առաջանում, թե ինչով էր զբաղված կառավարությունը այս տարիներին, երբ անխնայորեն եւ առանց վերահսկողության գերշահագործվում էին Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները:
Հուլիս 18, 2014 at 15:48
