ՀՀ բնապահպանության նախարարը հայտնաբերել է, որ Ճոճկանի պոչամբարը խախտումներով եւ թերացումներով է շահագործվում

ՀՀ բնապահպանության նախարարը հայտնաբերել է, որ Ճոճկանի պոչամբարը խախտումներով եւ թերացումներով է շահագործվում

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Լոռու մարզ կատարած այցի ժամանակ եղել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարի տարածքում եւ հայտնաբերել խախտումներ եւ թերացումներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահապանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարարը նշել է շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք թերացումներ և ընդգծել, որ այսուհետ բոլոր խախտումները խստիվ պատժվելու են: Նախարարը լսել է ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու դժգոհությունները, հավաստիացրել, որ ինքը բնակիչների կողքին է և հետևողական է լինելու հանքարդյունաբերող ընկերությունների կողմից բնապահպանական և սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հարցերում:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրինության ներկայացուցիչը վստահեցրել է, որ տնօրինությունը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները և պատասխանատու կերպով շարունակելու հանքի շահագործումն ու պոչամբարի, պոչատարի շահագործման և կոնսերվացման աշխատանքները: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հետևելու է խնդիրների կարգավորման ընթացքին և ակնկալում է, որ պատշաճ կերպով Նախարարության փորձաքննությանը կներկայացվի պոչամբարի փակման և ռեկուլտիվացիայի ծրագրի նախագիծը:

Ճոճկանի պոչամբարը շահագործման է հանձնվել 1965 թվականին։  1988-1989թթ. խորհրդային իշխանությունները ցանկանում էին պոչամբարը ռեկուլտիվացնել, քանի որ լցվել էր, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով այն մնաց բաց ու առանց խնամքի: Վերջին տարիներին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն սկսեց շահագործել պոչամբարը, սակայն պոչամբարի ջրի շրջանառու համակարգն արդեն մի քանի տարի չի գործում: Դրա հետևանքով  պոչամբարից արտադրական թունավոր պոչանքերը  պարբերաբար  թափվում  են Դեբեդ գետը։

Հուլիս 24, 2014 at 10:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր